Սյունիքում ընտրություններն անազատ էին եվ անարդար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:
Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:
Մտնելով այս ընտրապայքարի մեջ, “ժառանգությունը” քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:
Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից “Ժառանգություն” կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց “փորձված” ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների եւ թե՛ գյուղապետերի եւ ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական “հյուրասիրությունների” տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու եւ նրանց ուղղորդելու հայտնի փորձը:
“Ժառանգության” թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական եւ քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:
“Ժառանգությունը” շարունակելու է օրինականության ու սահմանադրական կարգի հաստատման համար պայքարը՝ աջակցելով դիմադրության օջախներին՝ ընդդեմ դե ֆակտո իշխանությունների կամայականությունների եւ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի:

“Ժառանգություն” կուսակցություն




Լրահոս