Արամայիս Գրիգորյանը հետևել է Սևանա լճի հանրային լողափերում տարվող նախապատրաստական աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված լողափնյա հանգստի շրջանի բացման համատեքստում ամփոփելու հանրային լողափերում իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքները: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և հանգստացողների անվտանգության ուղղությամբ կատարված աշխատանքներին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով հուլիսի 1-ից հանրային լողափերում կգործեն նաև անվճար բժշկական և փրկարարական ծառայությունները, ինչպես նաև տարածքային ոստիկանության ուժերի կողմից կիրականացվի հերթապահություն:

Լողափերում հանգստի կազմակերպման, անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը զրուցել է տեղում ծառայություն իրականացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչների և բուժկետերի բժշկական անձնակազմերի հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը զրուցել է նաև տեղում արդեն իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների հետ, որոնք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ընձեռված հանգստի լավ պայմանների համար:

«Սևանա լճի ափերին ներկայում գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա ընդհանուր մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված, առանց ծառայությունների մատուցման լողափեր: Շրջայցի նպատակն է տեղում դիտարկել կատարված աշխատանքները և արձանագրած փոքր թերությունները շտկել, որպեսզի հուլիսի 1-ից քաղաքացիները լիարժեք կարողանան օգտվել հանրային լողափերից: Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և այլ երկրների մեծ թվով քաղաքացիներ օգտվում են հանրային լողափերի ծառայություններից»,- հայտնել է նախարար Արամայիս Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
ՀՀ բնապահպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ ծրագրավորվում է համայնքի հետ համատեղ իրականացնել ծրագիր` 8-րդ հանրային լողափը նոր` ավելի բարձր չափանիշներով կառուցելու համար: Ծովագյուղ համայնքը պարտավորություն է վերցրել 16 մլն դրամով համաֆինանսավորելու լողափի կառուցման աշխատանքները, ևս 10 մլն դրամ կտրամադրի «Սևան» ազգային պարկը և նախատեսվում է նաև ներգրավել դրամաշնորհային միջոցներ:

Ի տարբերություն մյուս երեք լողափերի` նոր հանրային լողափը ծառայություններ կմատուցի ողջ տարին: Նախատեսվում է կառուցել քոթեջներ, ինչպես նաև լողավազաններ մեծահասակների և փոքր տարիքի երեխաների համար, որոնք կտաքացվեն նաև ձմռան ամիսներին: Նույն լողափում լինելու է նաև համապատասխան ծառայություններով անվճար հատված և քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են օգտվել նաև վճարովի ծառայություններից: Ըստ Արամայիս Գրիգորյանի` նոր լողափում վճարովի ծառայություններից ստացված հասույթը ուղղվելու է նաև մյուս 3 լողափերի պահպանման խնդիրների լուծմանը:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը և նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` կարճ ժամանակահատվածում վերացնել արձանագրված փոքր թերությունները և հուլիսի 1-ից հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:




Լրահոս