Գործակալներ՞ թե՞ մոլորյալնե՞ր. ովքեր են իրականում հայ-թուրքական սահմանը հատած պակիստանցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը եւ փորձել թաքնվել թփուտներում: Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում:

Նախ՝ պաշտոնապես

Եվ այսպես՝ դեռես հուլիսի 8-ին Armlur.am-ը ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունից տեղեկացել էր, որ Հայաստանում ձերբակալվել են Աֆղանստանի 2 քաղաքացիներ, ովքեր անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Հուլիսի 6-ին տեղաբնակները, ովքեր աշխատում են սահմանի մոտակայքում, տեղեկություն են հաղորդել այն մասին, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի սահմանային ափ: Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանային բաժանմունքի սահմանապահ խումբը գաղտնի հսկողություն եւ ՀՀ պետական սահմանի փակում է կազմակերպել: Սահմանախախտը հաղթահարել է գետն ու փորձել թաքնվել թփերի մեջ, այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է նաեւ մյուս սահմանախախտը, ով եւս ձերբակալվել է: Պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության անդամ երկրներ (իրենց հիմնավորմամբ): Հարցաքննության ժամանակ սահմանախախտների մոտից պայուսակ է առգրավվել, որում եղել են անձական իրեր եւ «Nokia» 2 հեռախոս:

Սահմանը հատողներին կալանավորեցին

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս լռում է: Միգուցե պատճառը հասարակության շրջանում խուճապ չառաջացնելն է, կամ այլ խնդիր կա, որի մասին դեռեւս հայտնի չէ: Նկատենք նաեւ, որ պաշտոնապես նշվել է երկու սահմանախախտի մասին, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը 4-5 հոգանոց խմբի մասին է: Ինչեւէ. երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվում էր Արաքս գետով սահմանը հատած Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիների կալանքի հարցը, եւ Կենտրոնի դատարանը կայացրեց կալանավորման որոշում: Երբ փորձեցինք սահմանը հատած քաղաքացիների փաստաբան Մարինե Ֆարմանյանից պարզել, թե ինչ նպատակով են նրանք հատել սահմանը, վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած եւ Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որեւէ բան չգիտեն եւ, առհասարակ, երբեւէ չեն էլ լսել: Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում եւ չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Նկատենք, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության անդամ երկրներ (իրենց բացատրությամբ): Ասել է, թե սահմանը հատած անձինք շատ լավ գիտակցել են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով:

Տարբեր վարկածներ

Եվ այսպես՝ մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգը չի բացառում, որ սահմանը հատած քաղաքացիները լրտեսներ են կամ հատուկ գործակալներ: Իսկ ինչով է պայմանավորված այս վարկածի առաջ քաշումը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, ով երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Սա միակ աղմկահարույց գործը չէր, որ ԱԱԾ-ն հայտնաբերել էր: Գրել էինք, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւս մեկ գործ է ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից: Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Գրել էինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում է տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել: Եվ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյ Պապոյանին:

Սերգեյը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից Սեյրանին է տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները:
Արդյոք այս դեպքում էլ նման գործունեության իրականացման փորձի հետ գործ ունենք, պարզ կդառնա առաջիկայում:

Քնար Մանուկյան




Լրահոս