ԼԵՀԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԴՈՒՌԸ» ՌՈՒՍՆԵՐԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկիի խոսքով՝ իր երկիրը մտադիր է հրաժարվել ռուսական «Գազպրոմից» գազ գնելու պայմանագրից:

Չնայած «Գազպրոմի» հետ պայմանագրի ավարտին դեռեւս ժամանակ կա, սակայն, ինչպես երեւում է, Վարշավան որոշել է ամբողջապես դուրս մղել Մոսկվային արեւելաեվրոպական գործընթացներից: Հատկանշական է, որ սա տեղի է ունենում Վարշավայում օրեր առաջ անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երբ որոշվեց Ռուսաստանին «փակել» իր առանցքում, մեկուսացնել նրան եվրոպական աշխարհաքաղաքական տարածությունից՝ Լեհաստանում եւ Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումների եւ ՀՕՊ համակարգերի տեղակայման որոշմամբ: Սույնով, փաստորեն, Վարշավան ամբողջացնում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական որոշումը՝ դնելով նաեւ տնտեսական սահմանափակման մեկնարկը: Պարզ ասած՝ այս քայլով Արեւմուտքը ձգտում է վերջնականապես փակել Արեւելյան Եվրոպայի դուռը Ռուսաստանի համար: Բնական է, որ Լեհաստանը, որը տարածաշրջանում իր վրա է վերցրել հակառուսական ճամբարի ավանգարդային դերը եւ վարում է բացահայտ հակառուսական քաղաքականություն, շատ լավ է դա գիտակցում ու փորձում է կտրել կրեմլյան բոլոր ուժեղ լծակները:
Իհարկե, Վարշավան չէր գնա նման քայլի, եթե այլընտրանքներ չունենար, իսկ այլընտրանքներ պետք է փնտրել ու դնել քաղաքական որոշումների կայացման հիմքում, քանի որ որոշման կայացումը ենթադրում է մի քանի փուլանի գործընթաց, որի դրական արդյունքը մեծապես կախված է այդ փուլերը ուսումնասիրելուց: Այդ այլընտրանքը գտնվել է. դա Նորվեգիան է, որի հետ լեհերը բանակցություններ են վարում գազատար կառուցելու շուրջ: Նորվեգիան ունի գազի հարուստ պաշարներ եւ կարող է Լեհաստանին բավարար քանակությամբ գազ մատակարարել: Բացի այդ՝ դա կմեծացնի ռուս-նորվեգական գազային մրցակցությունը, ինչն էլ ավելի կխթանի Արեւմուտքի կանխարգելման կամ զսպման մարտավարությունը աշխարհաքաղաքական մրցակցությունում:
Հայտնի է, որ «Գազպրոմը» Մոսկվայի աշխարհաքաղաքականության կարեւորագույն գործիքներից մեկն է, որի միջոցով նա կարողանում է ազդել եվրոպական մի շարք երկրների վրա: Կարելի է ասել՝ Ռուսաստանն առանց «Գազպրոմի» նման է առանց կապի մնացած զորամիավորման: Ուրեմն պետք է նրան կտրել իր աշխարհաքաղաքական խաղաքարտից, որի պարագայում եվրոպական երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշումներ կայացնելիս այլեւս ստիպված չեն լինի հաշվի առնել էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները:
Հենց այդ ընկերության միջոցով էր Կրեմլը շանտաժի ենթարկում Եվրոպական միությանն ու Ուկրաինային հատկապես ուկրաինական ճգնաժամի թեժ օրերին: «Գազպրոմով» Ռուսաստանը նաեւ իր ազդեցության տակ է պահում այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որին էներգետիկ անվտանգության խնդիրների տարատեսակ խաղարկումներով պահում է իր ազդեցության ոլորտում եւ դնում կախյալ վիճակում:
Ի տարբերություն լեհականի՝ հայկական էլիտան չկարողացավ իր որոշումներում այլընտրանքներ մշակել ու ազատվել «Pax Gazproma»-ից («Գազպրոմի» դարաշրջան), որի պատճառով մեր տնտեսությունը ահռելի վնասներ կրեց: Բավական է հիշել 300 միլիոն դոլարի «հանկարծակի պարտքը», որից 155 միլիոնը Հայաստանի Հանրապետության պարտքն էր «Գազպրոմին», ու դա եղել էր այն պատճառով, որ մի քանի տարի շարունակ «Հայռուսգազարդը» գազը գնել էր 180 դոլարով, սակայն իրականում գինը եղել էր 240 դոլար: Այս ամենի արդյունքում ռուսական այդ ընկերությանն անցան «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 % բաժնեմասը (մնացյալ 80 %¬ը պատկանում էր «Գազպրոմին»):
Ահա, թե ինչ է լինում, երբ քաղաքական որոշումներ կայացնելիս ամենակարեւոր փուլերից մեկը՝ այլընտրանքների մշակումը, հաշվի չի առնվում: Նման այլընտրանք կարող էր լինել Իրանը, սակայն կա՛մ ռուսական ճնշման, կա՛մ այլընտրանքների ճիշտ ու խորը չգիտակցման արդյունքում մենք զրկվեցինք «Գազպրոմի» մենաշնորհային տարածք չլինելու հնարավորությունից:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԸ ԱՄՌԱՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ ամռանը ավելանում է աղիքային հիվանդների թիվը: Չէ որ ամռան ամիսներին մարդիկ շատ են օգտագործում միրգ, բանջարեղեն եւ դրանք լավ չլվանալու արդյունքում հիվանդանում են աղիքային վարակներով: Աղիքային եւ վիրուսային վարակները հիմնականում նկատվում են երեխաների մոտ: Առհասարակ, աղիքային վարակները կոչվում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:
Թե՛ մեծերը եւ թե՛ փոքրերը անպայման պետք է հետեւեն ձեռքերի հիգիենային, քանի որ օրվա ընթացում դրանք շփվում են զանազան իրերի հետ: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ աղիքային եւ օդակաթիլային վարակների փոխանցման հիմնական աղբյուրը կեղտոտ ձեռքերն են:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում Երեւանի եւ ՀՀ մարզերի բնակիչներից, որոնց պատմելով այս օրերին ակտիվացել են աղիքային եւ օդակաթիլային վարակները: Հիմնականում հիվանդանում են 2-5 տարեկան երեխաները: Իսկ հիվանդությունը սկսվում է ջերմությունով, փսխումով, ապա հետեւում է լուծը: Ի դեպ, քաղաքացիներ էլ կան, որոնց երեխաներն ունեն հազ եւ կոկորդի ցավ: «Ժողովուրդ»-ը ծնողներից տեղեկացավ, որ բժիշկները նրանց երեխաներին ստուգելուց հետո հայտարարել են, որ այս ամենին նպաստում է նաեւ շոգ եղանակը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ. «Մենք որեւէ հիվանդանոցից նման ահազանգ չունենք, իսկ փորլուծությունն ու ջերմությունը կարող է ցանկացած ազդակի դեպքում լինել. միրգ եւ վրայից պաղպաղակ՝ երեխայի փորլուծությունը պատրաստ է: Բայց այս պահի դրությամբ որեւէ կազմակերպությունից որեւէ ահազանգ չկա»,- վստահեցրեց ԱՆ պատասխանատուն:
Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա մայիսին գրանցված սալմոնելոզային վարակների դեպքերի քանակը կազմել է 38, որից 15-ը՝ 0-2 տարեկան երեխաների մոտ է գրանցվել: Շինգելյոզ տեսակի վարակային հիվանդության գրանցված դեպքերի քանակը այս տարվա մայիսին կազմել է 37, որից 10-ը՝ 0-2 տարեկան երեխաների մոտ է եղել: Նկատենք նաեւ, որ այլ մանրէային աղիքային վարակների գրանցված դեպքերի քանակը կազմել է 204, որից միայն 105-ը 0-2 տարեկան երեխաներն են: Իսկ չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակների արձանագրված դեպքերը կազմել են 448, որից 240-ը 0-2 տարեկան երեխաներն են:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշանալ հանգստի եւ ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից: ԱՆ-ն զգուշացնում է, որ հանգստի եւ ժամանցի վայրերում, լողավազանների ջրերում առկա է քիմիական նյութերի բարձր ազդեցության վտանգ: Իսկ մանրէները եւ քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետեւանքով: Վտանգը եւ ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ավելի հաճախ արձանագրվում է փորլուծություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿՈՄԲԱՅՆՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ ՈՒ ԱՆՍԱՐՔ
Տավուշում հացահատիկահավաք կոմբայնները չեն հերիքում: Արտհնձի շրջանում գյուղացիների համար մեծ խնդիր է դառնում կոմբայն գտնելը, որպեսզի հասունացած արտի բերքահավաքը կատարվի: Հացահատիկահավաք կոմբայնների սակավության պատճառով բազմաթիվ տավուշցիներ հրաժարվում են հացահատիկ ցանելուց՝ նախապատվություն տալով գյուղատնտեսական այլ մշակաբույսերին: Տավուշում այս տարի աշնանացան արտերը կազմում են 7 հազար 60 հեկտար: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը հայտնեց, որ չնայած վերջին տարիներին Տավուշ է ներկրվել որոշակի թվով գյուղատնտեսական տեխնիկա, սակայն հիմնախնդիր է գյուղատնտեսական մեքենաների, հատկապես՝ հացահատիկահավաք կոմբայնների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը: Ըստ փաստաթղթերի՝ Տավուշի մարզում առկա է հացահատիկահավաք 66 կոմբայն, սակայն դրանցից տեխնիկապես սարքին են 36-ը: Ներկայումս մարզում ընթացող բերքահավաքին մասնակցում է 23-ը: Գ. Փայտյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորում է, որպեսզի անսարք, շահագործման ոչ պիտանի հացահատիկահավաք կոմբայնները, որոնք գրանցված են պետական տեխնիկական հսկողության տեսչությունում, համայնքների ավագանիների համապատասխան որոշումներով, սահմանված կարգով դուրս գրվեն:

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳ ՈՍԿԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ
Աբովյան քաղաքի բնակչուհի Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել խոշոր չափերով ոսկյա զարդեր եւ ի կատարումն հանցավոր մտադրության, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Թեմուր Սալոյանի հետ, վերջինիս կազմակերպմամբ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին իրականացրել է 482 գրամ ընդհանուր քաշով, 6 միլիոն 273 հազար 800 դրամ արժողությամբ ոսկյա զարդերի մաքսանենգ տեղափոխումը ՀՀ տարածք: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, իսկ Թ. Սալոյանին՝ 38-215 հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հուլիսի 7-ին կայացած դատական նիստում մեղադրվող Արամ Արամյանը դատարանին միջնորդել է Հ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 2015 հոդվածի 1-ին մասով եւ Թ. Սալոյանի նկատմամբ ՀՀ քր.օր.-ի 38-215 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով ապաքրեականացվել է, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածը, այդ փոփոխությունն ուժի մեջ է մտել հունիսի 25-ին: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Հ. Հարությունյանի եւ Թ. Սալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել՝ նրանց կատարած արարքներում հանցավորությունը վերանալու պատճառով, արարքում հանցակազմի բացակայության հիմքով եւ քրեական գործով վարույթը կարճել: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով ապացույց ճանաչված ոսկյա զարդերը կվերադարձվեն Հ. Հարությունյանին եւ Թ. Սալոյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս