«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Վերջիններս մեզ հետ զրույցի ընթացքում կբացահայտվեն բոլորովին նոր դիտանկյունից, մեզ արդեն ծանոթ անձինք «կգաղտազերծեն» իրենց էությանը բնորոշ գծերը, կյանքի` քչերին հայտնի դրվագները: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանն է:
-Սամվե՛լ, օրը սկսելու Ձեր պարտադիր նախապայմանը:
-Մեկ բաժակ սուրճը: Ես, առհասարակ, ուշ քնում եմ, ուշ էլ զարթնում եմ, ուստի սուրճը «վերականգնվելու» լավ միջոց է:
-Փորձառու, խելացի թե իմաստուն. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեզ առավել բնորոշ:
-Կլինի՞ երեքն էլ նշեմ (ծիծաղում է):
-Ստեղծագործելու համար լավագույն տարիքը:
-Կան էտապներ, որոնք որոշիչ են: Ինձ համար դա եղել է 30-50 տարեկանն ընկած ժամանակահատվածը:
-Բեմի դերը Ձեր կյանքում:
-Բեմը իմ կյանքն է, իմ ամեն ինչը: Այնտեղ ես ապրում եմ, «սնվում» եւ լցվում:
-Եթե ստիպված լինեք թողնել բեմը, ինչո՞վ կզբաղվեք:
-Այդ ուղղությամբ երբեք լուրջ չեմ մտածել, որովհետեւ չեմ էլ ուզում պատկերացնել նման իրավիճակ: Բացի այդ` եթե պետք է զբաղվեմ մի գործով` ոչ արհեստավարժ կերպով, ավելի լավ է` այդ քայլին չգնամ:
-Մարդկանց ճանաչելու Ձեր մեթոդը:
-Բավական է` մարդու հետ երկու րոպե շփվես, նայես նրա աչքերի մեջ, եւ կտեսնես, որ այնտեղ նրա մասին ամեն բան գրված է: Ուրիշ հարց, որ մենք երբեմն չենք ուզում նկատել դա:
-Ձեր քայլերը, երբ դիմացինը չափից շատ է խոսում:
-Շուրջս փնտրում եմ համապատասխան պարագաներ` ինքնասպան լինելու համար (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, փորձում եմ ամեն ինչ անել, որ հեռու մնամ նման մարդկանցից: Գիտեք` այդ պարագայում ավելի սարսափելին այն է, որ զրուցակիցը շատ մոտ է կանգնում քեզ:
-Ի՞նչ եք անում, երբ ընկնում եք մի միջավայր, որը Ձերը չէ:
-Փորձում եմ շատ արագ հեռանալ:
-Հատկություն, որը կանայք Ձեր մեջ շատ են գնահատում:
-Ազնվությունն ու բարությունը:
-Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:
-Ուսանողական տարիները ինձ համար շատ բարդ են եղել: 17 տարեկանից համատեղել եմ թատրոնը եւ էստրադան (մասնագիտությամբ թատրոնի եւ կինոյի դերասան եմ), եւ կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենամեծ հարվածը ստացա այն ժամանակ, երբ ստիպված էի թատրոնը թողնել եւ տեղափոխվել էստրադա: Ու թեեւ թատրոնը շատ ավելի ազնիվ, մաքուր ոլորտ է, ես ընտրեցի եկամտաբեր ասպարեզ. դժվարին տարիներ էին, ապրել էր պետք:
-Իրավիճակ, որի հետ դժվար է համակերպվել:
-Յուրաքանչյուր մարդու կյանքում ստեղծվում են իրավիճակներ, որոնցից նա զգաստանում է: Հատկապես մեր մասնագիտությունը սկուտեղի վրա այնքան անակնկալներ է մատուցում, որ ստիպված ես ավելի զգոն լինել: Երբ ես երիտասարդ էի, այն ժամանակ հաջողության հասնելու համար որոշիչ գործոնը ֆինանսը կամ լավ քեռիները չէին. հաջողում էր նա, ով իսկապես պետք էր հանրությանը: Իսկ հիմա այդպես չէ:
-Դավադրություն, որ կատարել են Ձեր հանդեպ:
-Ես նման բաների փորձում եմ պարզապես ուշադրություն չդարձնել, փոխարենը ուզում եմ իմ կյանքում գույներ տեսնել:
-Կյանքի այս փուլում ի հայտ եկած վախ:
-Պատերազմից եմ վախենում, ուրիշ ոչ մի բանից:
-Ձեր թուլությունը:
-Թուլություն ունեմ լավ, մարդկային փոխհարաբերությունների, բարի, կենդանիներ սիրող մարդկանց նկատմամբ, նաեւ հենց կենդանիների նկատմամբ` մրջյունից մինչեւ փիղ: Կարծում եմ` եթե մարդիկ ունենային կենդանիների ազնվությունը, մեր կյանքը շատ գեղեցիկ գույներ կստանար: Ես, օրինակ, տանը պահում եմ շուն, նա այնքան է լցնում իմ կյանքը, որ կարող եմ անգամ մի ծրագիր նկարահանել այդ մասին:
-Հանուն ինչի՞ արժի ապրել:
-Հանուն իմ ընտանիքի (ունեմ հրաշք կին եւ երկու զավակ), հայրենիքի, մասնագիտության, հանուն ընկերների, որոնք ստիպում են ոչ միայն ապրել, այլեւ լավ ապրել:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՉԵՐՉԻԼԸ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
20-րդ դարի ականավոր քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլի հեղինակած 2 կտավ հուլիսի 27-ին կհանվի աճուրդի: Euromag.ru-ի փոխանցմամբ` դրանք բնապատկերներ են, որոնք ստեղծվել են 1946թ: Դրանցից մեկի վրա պատկերված է Մայամի Բիչը (237.000 եվրո), մյուսի վրա` եգիպտական բուրգերը (711.000 եվրո): Չերչիլը ստեղծել է արվեստի 500 գործ, որոնցից ամենաթանկը 2014թ. վաճառվել է 2.1 մլն եվրոյով:
ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի եղբայրը` Ռոբ Քարդաշյանը, ով ծրագրում էր ամուսնանալ գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնայի հետ, կարծես, փոխել է մտադրությունը: Բրիտանական Mirror-ի փոխանցմամբ` Ռոբը պարուհու հեռախոսի մեջ կասկածելի հաղորդագրություններ է գտել, ինչն էլ դարձել է բաժանման պատճառ: Հիշեցնենք, որ Բլեք Չայնան երեխայի է սպասում Ռոբ Քարդաշյանից:
ԱՂԵՏԻ ՏԵՍՔՈՎ
Տունցզի համալսարանի ճարտարապետության ամբիոնը աղետի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Չինաստանի կառավարությանը ներկայացրել է հուշահամալիրի կառուցման ծրագիր, որը կյանքի է կոչվել Վենչուանում։ Չինաստանի վերջին ամենաուժեղ երկրաշարժը, որը խլել է մոտ 70 հզ. մարդու կյանք, գրանցվել է 2008թ. Վենչուան բնակավայրում: Ճարտարապետները համալիրը նախագծել են բնական աղետի տեսքով` այն կառուցելով հողի մեջ արհեստականորեն բացված ճեղքվածքների երկայնքով: