ԿԳՐԱՎԵՆ ՏՈՆՈՒՍԻ ՏՈՒՆԸ
Երեկ «Տոնուս» շինարարական ընկերության կողմից Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, որի ներկայացուցիչները նրանց խոստացան վերանայել խնդիրը: Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը, ինչի համար էլ շենքն այժմ գրավադրված է «Արցախբանկ»-ում:
ԿԲ-ից հետո բնակիչները շարժվեցին դեպի կառավարության շենք: Այնուհետեւ մոտ 50 բնակարանատերեր շարժվեցին դեպի «Արցախբանկ»-ի` Սայաթ-Նովայի փողոցում գտնվող Նաիրիի մասնաճյուղ, մտան բանկ եւ պահանջեցին վերադարձնել իրենց բնակարանները: Բանկում նրանք երկար մնացին, ինչի հետեւանքով տնօրինությունը ստիպված եղավ որոշ ժամանակով դադարեցնել բանկի աշխատանքը: Թեեւ բնակիչները պատրաստ էին գիշերել բանկում, այնուամենայնիվ, ոստիկանները նրանց դուրս հանեցին:
«Տոնուս» շինընկերությունից խաբված ավելի քան 160 բնակարանատերերն էլ մարտական են տրամադրված. վաղը նրանք կրկին բողոքի ակցիա են անցկացնելու: Իսկ առաջիկայում պատրաստ են նույնիսկ «գրավել» Աշոտ Տոնոյանի տունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ բանկը բնակիչներին առաջարկ էր ներկայացրել, ըստ որի՝ շենքի ինքնարժեքը Դավթաշենի մասով բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 900 ԱՄՆ դոլար, բիզնես տարածքի 1 քմ-ն՝ 1100 ԱՄՆ դոլար, իսկ նկուղի 1 քմ-ն՝ 400 դոլար: Փափազյանի շենքի բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 1200 դոլար, ավտոտնակը՝ 10 հազար դոլար:
ԲԱՆՈՒԳՈՐԾ ՉՈՒՆԵՆ
Հայաստանում ընդունվել է պետական զինանշանի ու դրոշի օգտագործման կանոնակարգ, ըստ որի՝ արգելվում է պետական խորհրդանիշներն օգտագործել ոչ պետական կազմակերպությունների կնիքների, բլանկների կամ այլ ռեկվիզիտների վրա: Ֆիքսվում է գերբի գունային երանգը՝ գունավոր եւ անգույն տարբերակները, ինչպես նաեւ դրոշի գունային երանգը: Թվարկվում են դրոշի պատրաստման նյութերը, ինչպես նաեւ եղանակային պայմանների ու ջրի հանդեպ կայունությունը:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունված որոշումները կարեւոր են պետական խորհրդանիշների հանդեպ երիտասարդների հարգանքն ավելացնելու համար:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
168.am-ի փոխանցմամբ` երեկ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, որը Հայաստան էր եկել աներոջ թաղման արարողությանը մասնակցելու համար: Ըստ ականատեսների՝ նրա վրա կրակել են «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայից: Ի դեպ, նրա դեմ նախկինում մահափորձ էր եղել, որի արդյունքում նա հաշմանդամ էր դարձել: