ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԵՌ ՓԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Իջեւանի շրջանի Վազաշեն գյուղի տարածքում` Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, ադրբեջանական զինուժի գնդակոծությունից զոհվեց ժամկետային մեկ զինծառայող, 3-ը վիրավորվեցին: Դրանից հետո փակվեց Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը: Այն մինչ օրս փակ է: Տավուշի մարզկենտրոն Իջեւանից դեպի Բերդ քաղաք երթեւեկությունն իրականացվում է Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով: Այն թեեւ ավելի կարճ է, սակայն անբարեկարգ: Ավտոմեքենաների տերերն այդ ճանապարհը հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ եւ նյարդեր են ծախսում: Դեռեւս փակ է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, եւ այստեղ երթեւեկությունն իրականացվում է պետական բյուջեից հատկացված 768 միլիոն դրամով 2006-2007թթ. կառուցված Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանին հարցրինք, թե ինչով է բացատրվում միջպետական  ճանապարհի փակ լինելը, չէ՞ որ վերջին օրերին սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը ոտնձգությունների չի դիմել: Բաղանիսի ղեկավարի ներկայացմամբ` զինվորականները ճանապարհի փակ լինելը պատճառաբանում են անվտանգության նկատառումներով: Նշենք, որ Ոսկեպար-Բաղանիս եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհները երթեւեկության համար լիովին ապահով չեն, դրանք ձգվում են թեկուզ լեռնային, սակայն բաց տեղանքով, ուստի հասանելի են ադրբեջանական զինուժի ոտնձգությունների  համար: Շուտով ձմեռ է, ճանապարհները կսառցակալեն` լեռնային այդ ճամփաներով երթեւեկությունը  դարձնելով էլ ավելի վտանգավոր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս