ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Լոռու մարզկենտրոն Վանաձորում քաղաքացիները դժգոհում են հանրային տրանսպորտի աշխատանքից: Երթուղայիններն անսարք են, շահագործման համար վաղուց ոչ պիտանի, աշխատում են անկանոն եւ գերծանրաբեռնված, իսկ քաղաքի ծայրամասերում ժամը 20-ից հետո երթուղային տրանսպորտը, կարելի է ասել, չի գործում: Դրան գումարած` ծխող վարորդներն ու երթուղայիններում հնչող անճաշակ երաժշտությունը, որը բնակիչները ստիպված են լինում լսել:
Վանաձորի քաղաքապետարանում խնդիրներին քաջատեղյակ են, բայց լավ քաղաքային տրանսպորտ ունենալու հեռանկար, ըստ տրանսպորտի բաժնի պետ Էռնեստ Գեւորգյանի, վանաձորցիները կարող են ակնկալել երկու տարուց ոչ շուտ: Նոր մրցույթը կկայանա 2015թ.: Իսկ մինչ այդ քաղաքապետարանը երթուղիները սպասարկող ընկերություններին կառաջարկի գոնե չաշխատեցնել տասնհինգ տարի շահագործված երթուղայիններն ու ավտոբուսները: Ինչ վերաբերում է տրանսպորտի գերծանրաբեռնվածությանը, ապա ճանապարհային ոստիկանությունը տուգանում է սահմանված քանակից ավելի ուղեւոր վերցրած վարորդներին: Յոթանասունից շատ օրինախախտ վարորդների օրինակը, սակայն, չի զգաստացնում մյուսներին: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը կարծում է, որ այս հարցում իրենց մեղավորությունն ունեն նաեւ ուղեւորները. «Բնակիչներն էլ են մեղավոր այդ հարցում, թող չնստեն: Եթե նստելու տեղ չկա, թող սպասեն հաջորդին: Մի որոշ ժամանակ հետո դա արդեն սովորական կդառնա, վարորդը կիմանա, որ եթե բոլոր նստատեղերը զբաղված են, ու բնակիչները չեն նստում, մյուս անգամ էլ չի կանգնի, որ ավել մարդ տանի»:
Էռնեստ Գեւորգյանը համամիտ է, որ սպասարկող կազմակերպությունները պարտավոր են բարձրացնել երթուղայինների սպասարկման որակը, սակայն նաեւ նշում է, որ նրանց էլ պետք է հասկանալ. պահեստամասերն ու վառելիքը թանկացել են, իսկ ուղեվարձը մնացել է անփոփոխ:
Լոռի
ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ
Շախմատի տղամարդկանց հավաքականը Լեհաստանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում գրավեց 4-րդ տեղը. մեր հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ, եւ այդպիսով, ըստ էության, բաց թողեց Եվրոպայի չեմպիոն դառնալու շանսը: Կանանց հավաքականը վրացուհիների հետ կիսեց 4-5-րդ հորիզոնականը, սակայն լրացուցիչ արդյունքներով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում. վերջին տուրում հայ շախմատիստուհիները Հունգարիայի հետ մրցամարտն ավարտեցին ոչ-ոքի: Նշենք, որ կանանց հավաքականը եւս ռեալ շանսեր ուներ առաջին եռյակում հայտնվելու, սակայն նախավերջին տուրում, պարտվելով Եվրոպայի չեմպիոն Ուկրաինային, զիջեց դիրքերը: Այնուամենայնիվ, կանանց հավաքականի արդյունքը կարելի է գոհացուցիչ համարել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում շախմատի կանանց հավաքականի հանդեպ չկա այն ուշադրությունն ու չեն արվում այն ներդրումները, ինչ տղամարդկանց դեպքում:
Տեղեկացնենք նաեւ՝ Լեւոն Արոնյանն անհատական հաշվով առաջին խաղատախտակում արժանացավ բրոնզե, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 2-րդ խաղատախտակում արծաթե մեդալի: Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն դարձավ Ադրբեջանի, կանանց չեմպիոն՝ Ուկրաինայի հավաքականները: