«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում սեպտեմբերի 7-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքից հետո լուրեր տարածվեցին, թե իբր երիտասարդը թյուրիմացության զոհ է դարձել: Ըստ այդ լուրերի՝ իբր գիշերը, երբ Արման Ղանդիլյանը դիրքին մոտենալիս է եղել, ծառայակիցը նրանից գաղտնաբառ է հարցրել, ինչին նա չի կարողացել պատասխանել, եւ արդյունքում էլ հերթապահ զինվորը նրա ուղղությամբ կրակահերթ է արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Մասնավորապես, գործով մեղադրյալ Հայկ Իգորի Սեյրանյանը, որն այդ օրը դիտորդ է եղել, մեղադրվում է այն բանում, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, կորցրել է աչալրջությունը, չի նկատել, որ Արման Ղանդիլյանը դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասով մոտենում է: Իսկ երբ նկատել է Ղանդիլյանի գլխի ուրվագիծն, առանց նշանաբառ պահանջելու կրակահերթ է արձակել: Ինչի արդյունքում էլ Արման Ղանդիլյանը սպանվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: