Հարց քաղաքացիներից` տղաս, ով այս տարի բանակ պետք է գնա, լինելով հաշմանդամի որդի, ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ամուսնալուծված եւ ունեմ զավակ (Տիգրան Կարապետյան, 18 տարեկան, Անդրֆեդերացիայի 2, տուն 14), որն այս տարի պետք է բանակ գնա: Խնդրում եմ ասել՝ լինելով հաշմանդամի որդի՝ տղաս ինչ արտոնություններ կարող է ունենալ:

Ռուզաննա Հարությունյան, 51 տարեկան, գիտաշխատող

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Ռուզաննա Հարությունյանի հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրամադրելու հիմք է հանդիսանում զինակոչիկի անաշխատունակ հայր եւ մայր ունենալը, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ: Միեւնույն ժամանակ նույն օրենքը որպես անաշխատունակ ծնողներ ճանաչում է նաեւ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հորը եւ մորը: Քանի որ Ռուզաննա Հարությունյանն ունի հաշմանդամության երրորդ կարգ, նրա որդին` Տիգրան Կարապետյանը, չի օգտվում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքով տարկետման իրավունքից: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միայնակ, երրորդ կարգի հաշմանդամ ծնող ունենալու հիմքով Տիգրան Կարապետյանն օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող (մինչեւ 150 կմ հեռավորությամբ տեղակայված) զորամասում ծառայելու արտոնությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զորակոչի ենթակա երիտասարդը մի դեպքում «տուժում» է հաշմանդամի զավակ լինելու հանգամանքից, մյուս դեպքում շահում: Տարկետումը, անշուշտ, Տ. Կարապետյանին ոչինչ չէր տալու, բայց ծառայությունը բնակավայրին մոտ անցկացնելը նրա հաշմանդամ մորը հնարավորություն կտա ավելի հաճախ այցելել զինվոր որդուն:

 




Լրահոս