Ինչու են Նիգավանի բնակիչները փակել գյուղամիջյան ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում։ Նիգավան գյուղի մոտ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց Նիգավան համայնքի ղեկավար Արտաշես Գալստյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 8 ընտանիք անասուններ են վաճառել մոտ 8մլն դրամով: Այնուհետև գումարը չվճարելու հետևանքով քաշքշուքներ են առաջացել երկու կողմերի միջև, որից հետո էլ կողմերը դիմել են դատարան:

«Ում, որ վաճառել էին անասունները, այդ մարդը չէր կարողացել գումարը վճարել, դրա փոխարեն մեքենա էր տվել, որը իր կնոջ կամ հարսի անունով է եղել: Մեր գյուղացին էլ փորձել է մեքենան վաճառել, սակայն ի հայտ է եկել, որ մեքենան գտնվում է կալանքի տակ»,- պատմեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այդտեղից էլ  սկսվել են քաշքշուքներ կողմերի միջև ու մինչև այսօր էլ շարունակվում է: Դատարանն էլ իր հերթին վճռել է, որ մեքենան պետք է վերցնի կալանքի տակ:

«Այս պահին գյուղում կատարյալ հանգստություն է տիրում: Վաղը պետք է երկու կողմերի ներկայացուցիչները գնան մարզպետի մոտ, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անեն»,- հավելեց նա:

Լուսանկարը՝  shamshyan.com -ի:




Լրահոս