ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքում

Այս գրությունը փակցրել են ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքի նորակառույց վերելակում: Համաձայնեք, որ վերելակից օգտվելու կանոնները հետաքրքիր բովանդակությամբ են. բացի այն, որ վերելակն աշխատում է միայն 1-ին եւ 6-րդ հարկերում, վերջինից կարող են օգտվել միայն դասախոսներն ու 6-րդ հարկի աշխատողները: Ոմանք չեն համաձայնել այս մտքի հետ եւ առաջարկել են իրենց տարբերակը, այն է՝ օգտվել կարող են հատկապես գեղեցիկ աղջիկները եւ Նորոն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձը ի՞նչ ժամկետով կարող է իր ավտոմեքենան տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք:

Գնել Մանուկյան (42 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսային ձեւակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում, կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում: «Ժամանակավոր» եւ «տարանցիկ» մաքսային ռեժիմներով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:

Օֆելյա Միրզոյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդն իրենից ներկայացնում է անձանց կողմից կատարված վճարների եւ դրանց ներդրման հաշվին ձեւավորված ակտիվների ամբողջություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (նպատակային սոցիալական վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոցները միավորում եւ կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանցից ստացված եկամուտների նկատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայով:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, ինչպիսի վճարներ են գանձվելու, դրանց չափերն ու հաշվարկման կարգը եւ այլ էական պայմաններ: Ֆոնդի կանոնները սահմանում է այդ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից եւ հրապարակվում են:
Մասնակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձեւով՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը, եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:




Լրահոս