Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հիմնադիր խորհրադարանի անդամ Կարո Եղնուկյանը հացադուլ է հայտարարել:
Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոնե Եղնուկյանը, հայտնում է, որ հացադուլի 13-րդ օրը Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում և խիստ թուլություն է զգում։
Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները և ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ․Եղնուկյանին դադարեցնել հացադուլը քանի որ նրա կողմից երկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում և առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։
Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ և վտանգում է նրա կյանքը։
Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: