Սահմանային լարվածությունը շատերին մտածելու տեղիք է տալիս, որ սա կարող է լայնամասշտաբ գործողությունների մասին է խոսում: Ռազմական հնարավոր գործողությունների, սահմանային իրավիճակի սրման շուրջ ArmLur.am-ը զրուցեց հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի հետ:
-Սահմանում իրավիճակը լարված է, վերջին օրերին հակառակորդն ակտիվություն է ցուցաբերում, սա կարո՞ղ է խոսել պատերազմի հնարավոր վերսկսման մասին:
-Առաջին հերթին պետք է հիշել մեկ բան, պատերազմը ոչ թե վերսկսվում, այլ հերթական անգամ ավելի ակտիվ փուլի մեջ է մտնում: Երբ ասում եք՝ պատերազմը սկսվի, կամ վերսկսվի, մենք խաբում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին, որ պատերազմ չկա: Նման կերպով մենք կամա, թե ակամա դառնում ենք դաշնակից այն մարդկանց հետ, ովքեր, որ ցանկանում են մեր ժողովրդին քնացնել և մեջքից հարվածել:
Ակտիվ գործողություններ են հիմա, ես ամիսներ առաջ ասել էի, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անձրևների պարագայում, կլինեն ակտիվ գործողություններ:
-Այսինքն եղանակային անբարենպաստ պայմանները թշնամու օգտի՞ն են լինելու և հնարավո՞ր է երկարատև լայնամասշտաբ գործողություններ լինեն:
– Տեղումներ այժմ չկան և դրանով պայմանավորված ակտիվացում չի լինի, կլինեն այսպիսի մանր «ակցիաներ»: Այդ մեր հասարակությունը չի հասկանում, որ նրանք պատրաստվում են, բայց մեր բանակը, զինվորները դա քաջ գիտակցում են և դրա շնորհիվ է, որ այդ ներթափանցումները բացահայտվում են:
Երկարատև գործողությունների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ եղանակի տեսությամբ հայտնեն, որ երկարատև տեղումներ են սպասվում: Սակայն ասել, որ միայն եղանակով է դա պայմանավորված, սխալ կլինի, դա միակ պայմանը չէ: Մեր բանակը հետևություններ արել է և կարծես թե բավականին լավ հետևություններ են արել:
-Ապրիլյան քառօրյայից հետո, կարծում եք, որ հայկական կողմը կարողացե՞լ է վերականգնվել և պատրա՞ստ է դիմակայել նոր գործողությունների:
-Եվս մեկ հանցանք կա մեր ժողովրդի նկատմամբ, մեր ժողովրդի մեջ մտցնում են տերմին, որը էլի նրանց քնացնում է՝ ապրիլյան պատերազմ, քառօրյա պատերազմ, ասելով, ժողովրդի մեջ մտնում է կարծիք, որ ապրիլն անցել է ու ամեն ինչ վերջացել է: Այնպիսի տպավորություն է, որ մինչև դա ոչինչ չկար և դրանից հետո էլ ավարտվեց, նման ձևով ժողովրդի զգոնությունն է թուլանում:
Իսկ ինչ վերաբերվում է հնարավոր է, թե ոչ, դա կրկին լինի, պետք է ասեմ, որ հնարավոր է: Արդյունքը նույնը կլինի, ավելի վատը կլինի, թե ավելի լավը, դա միայն մեզանից է կախված:
Զրուցեց Լիլիթ Շաբոյանը