Երեւի թե դա հարված է իմ թիկունքից. Գուժ Մանուկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Կենցաղ, սովորություններ, մարդկային բնավորության բնորոշ գծեր, առօրյայից վեր «ճամփորդություններ». այս ամենը կարող է դառնալ խոսակցության թեմա:

14793753_1180007368746994_1430442583_n

«Ժողովուրդ»-ի այսօրվա զրուցակիցը Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն է:

-Պարո՛ն Մանուկյան, օրը սկսում եք…

-Առանց զարթուցիչի արթնանալով եւ մեկ բաժակ մուգ թեյի ուղեկցությամբ: Առանց թեյ խմելու տանից դուրս չեմ գալիս:

-Ձեր մասնակցությամբ ամենասիրելի ֆիլմերը:

-«Մեռիր ձիու վրա», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը»:

-Բեմը նման է…

-Միայն բեմին (ծիծաղում է): Դա սուրբ տեղ է, բայց չեմ ուզում խոսքերս շեշտել. կարող են կեղծ հնչել: Այսօր բառերն այնքան են ծեծվել, որ կորցրել են իրենց նշանակությունը:

-Կյանքն անիմաստ կլիներ` առանց…

-Առանց արվեստի:

-Մտածկոտ եք, պարծենկոտ, թե բծախնդիր:

-Նշվածներից իմ էությանը ամենամոտ որակը բծախնդրությունն է: Ընդհանրապես, ես մեծ ուշադրություն եմ դարձնում թվացյալ մանրուքների վրա:

-Մարդկային որակ, որը բարկացնում է Ձեզ:

-Ստախոսությունը: Դա չի կարելի մարսել, հատկապես, եթե դիմացինիդ թվում է, թե դու դա չես նկատում: Բայց չէ՞ որ դերասանները հոգեբաններ են եւ ամեն բան զգում են: Իմ տուն գողեր էին մտել, մի կին եկավ, ծնկներին խփելով ցավակցեց ինձ, բայց ես զգացի, որ իր մատը խառն է կատարվածի մեջ:

14825725_1180007372080327_2055894517_n

-Ո՞վ է վստահելի մարդը:

-Գուրգուրած գաղտնիք պահողը:

-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:

-Պարզապես նեղվում եմ: Նեղվում եմ նաեւ, երբ ինձ գովեստի խոսքեր են շռայլում. «Երկրպագում ենք Ձեզ», «Ծնկի ենք գալիս Ձեր առաջ»… Խնդրում եմ, որ նման բաներ չասեն, հատկապես` չհամեմատեն մեծ դերասանների հետ. ես այդքան կյանք կապրե՞մ, որ հասնեմ նրանց…

-Վերադառնում եք նրանց մոտ, ովքեր…

-Համենայն դեպս` ոչ սիրուհու (ծիծաղում է): Վերադառնում եմ նրանց մոտ, ովքեր իմ օգնության կարիքն ունեն: Աշխատում եմ նրանց հնարավորությանս սահմաններում ձեռք մեկնել:

-Երբեմն չեք կարողանում զսպել Ձեր…

-Իմ զայրույթը` օրինախախտների, անկարգների հանդեպ: Այսքան ժամանակ բեմում եմ, նաեւ նկարահանվում եմ, չեմ հիշում, որ որեւէ մեկին սպասեցրած լինեմ: Իսկ, առհասարակ, հավասարակշռված մարդ եմ, նույնիսկ կարող եմ վիրավորանք կուլ տալ, որ բարդություններ չառաջանան:

-Հարված, որ չեք մարսել:

-Այս ասպարեզում հարվածները շատ են: Դրանք, իհարկե, թողնում են իրենց նստվածքը: Ակնհայտ կերպով իմ թիկունքից չեն հարվածել, բայց եղել են պարագաներ, որոնց դեպքում ես զգացել եմ իմ անձի հանդեպ դիտավորություն: Օրինակ` իմ մասնակցությամբ ֆիլմերից շատերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրում: Հաստատ չեմ կարող ասել, բայց, այնուամենայնիվ, երեւի թե դա հարված է իմ թիկունքից:

-Միշտ վախեցել եք, որ…

-Չեմ վախեցել, բայց Աստծուն աղոթել եմ, որ չհիվանդանամ, երկար կյանք ունենամ: Դա խնդրել եմ ոչ թե ինձ համար, այլ հարազատներիս, որ նրանց գլխից անպակաս լինեմ:

-Կարոտը կարող է ստիպել անգամ…

-Անգամ բանաստեղծություն գրել: Ինձ հետ եղել է նման բան: Երկու ամիս ու կես մնացի Լոս Անջելեսում եւ այնքան էի կարոտել իմ տունը, օջախը, կնոջս ու դստերս, որ նույնիսկ աքրոստիկոս գրեցի…

-Տանել չեք կարողանում, երբ կինը…

-Երբ նա անխելք է, բայց իրեն խելոքի տեղ է դնում: Ընդհանրապես, փոքր մարդիկ միշտ մեծ բաներից են խոսում:

-Ձեր` սիրո առաջին խոստովանությունը:

-Նման բան չի եղել, պարզապես գործով ցույց եմ տվել զգացածս:

14813607_1180007375413660_997274402_n

-Կյանքը հիասքանչ է, եթե…

-Եթե առողջ ես, ապրում ես քո երկրում, չես փնտրում քո երջանկությունը օտար ափերում (իսկ ես դրա հնարավորությունը բազմիցս ունեցել եմ) եւ աշխատում ես քո ունեցածը տալ հանդիսատեսին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս