Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության նախաձեռնությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում`Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարար շրջանակների ու առանձին ընկերությունների ներկայացուցիչների միջև:
«Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակամի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովը, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատիրության զարգացման և սպառողական շուկայի կոմիտեի սպառողական շուկայի զարգացման վարչության պետ Ելենա Պոդգորնայան և այլք:
Քննարկման սկզբում ներկայացվել են երկու քաղաքների միջև առևտրատնտեսական համագործակցության ցուցանիշները, որոնք վերջին տարիներին շարունակական աճ են արձանագրել: Զեկուցողները հատկանշել են, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության՝ գնալով ընդլայնվում են նաև համագործակցության կոնկրետ ուղղությունները, ինչի շնորհիվ սանկտպետերբուրգյան պատվիրակության կազմում Երևան են ժամանել շինարարական, ավտոմեքենաշինության ոլորտների, ապահովագրական ու նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում երկու քաղաքների համապատասխան ոլորտների ներկայացուցիչները դեմ առ դեմ ձևաչափով քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն էլ նշել է, որ իրենց կառույցը պատրաստակամ է համակողմանիորեն աջակցելու նոր բիզնես գաղափարներին: