Հայտնի են «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում անցկացվեց հոկտեմբեր ամսին մեկնարկած Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016 մրցույթի մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ողջունելով հյուրերին ու մասնակիցներին նշեց, որ նման մրցույթները հնարավորություն են տալիս Հայաստանի և սփյուռքի ճարտարապետներին ու ճարտարագետներին միավորվելու և մեր ազգային ճարտարապետությունը մեկ հարկի տակ ներկայացնելու:
Հայտնի է, որ հայ մասնագետները մշտապես շատ կարևոր դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության մեջ,- նշեց Տեր-Մինասյանը:
Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016-ի մասնակիցների գործերը և քննարկումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրել հաղթողներ:

Անվանակարգեր էին` երիտասարդ մասնակից, լավագույն ինտերիեր, պատմամշակութային հուշարձանների վերականգնում, լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն), ճարտարապետական փոքր ձև, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն:

Նշենք, որ մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ Հայաստանից, Արցախից, ՌԴ-ից, Թուրքիայից, Իտալիայից, Քաթարից, Լիբանանից:
Գլխավոր մրցանակի` համահայկական ճարտարապետական մրցույց-ցուցահանդեսի դափնեկրի` 1-ին կարգի դիպլոմի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ոսկե մեդալի է արժանացել Թուրքիան ներկայացնող ճարտարապետ Էլմոն Հանճեր Քարսարվանեան:

Որոշ մասնակիցների «Արշիր Գորկի» ոսկե մեդալներ, պատվոգրեր, և շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարիության կողմից:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շնորհավորելով մրցանակակիրներին հորդորեց լինել ավելի ակտիվ նմանատիպ ցուցահանդեսների մասնակցելու առումով: Նա նշեց, որ այդ մրցույթները հնարավորություն են ստեղծում առաջ շարժվել և դրանք ուղղակի անհրաժեշտ են:




Լրահոս