Վստահության առկա դեֆիցիտը պետականությանը նետված լուրջ մարտահրավեր է. Միքայել Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բազմաթիվ կուսակցություններ սկսել են ակտիվանալ, դաշտում հայտնվում են նոր դեմքեր, նոր անուններ, երբեմն նաև նրանց են միանում «հները»:

ArmLur.am-ը զրուցեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք կուսակցությունը կմասնակցի առաջիկա ընտրություններին, թե ոչ:

– Առջևում խորհրդարանական ընտրություններ են, արդյոք պատրաստվում եք մասնակցել. եթե այո, ապա կխնդրեմ նշել, թե ինչպիսի՞ն է լինելու պայքարը, ի՞նչ ձևաչափով:

– Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը դեռևս որոշում չունի առաջիկա ընտրություններին մասնակցության մասին:

– Գործող ուժերից որի՞ հետ եք պատրաստվում համագործակցել, եթե չեք համագործակցելու, ապա ինչո՞ւ:

– Տեսականորեն ցանկացածի հետ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել. խնդիրն այստեղ նպատակահարմարությունն է, որի մասին որոշում կկայացվի հավանաբար հունվարի առաջին կեսին:

– Ժողովրդի շրջանում չկա վստահություն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքե՞ր են մեղավորները, և ինչպե՞ս պետք լուծել այս խնդիրը:

– Մեղավորներ թող փնտրի դատավորը, իսկ մեծագույն դատավորը ժողովուրդն է: Վստահության առկա դեֆիցիտը պետականությանը նետված լուրջ մարտահրավեր է, և դրա հաղթահարման համար արիություն է պետք ունենալ և ասպարեզը զիջել արևմտյան բուհերում ուսանած, մինչև 40 տարեկան ժամանակակից արհեստավարժներին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում 1000 դրամներ հավաքելու նախագծին. արդյո՞ք Դուք էլ եք սա նախընտրական շոու համարում:

– Առաջին հայացքից դա հրաշալի նախագիծ է, սակայն բևեռացված և անհավասար հանրության մեջ այն կիրառելը, հավանական է, որ է՛լ ավելի կխորացնի փոխադարձ մերժողականությունն ու անվստահությունը:

Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է ասել. «Սիրելի՛ իշխանավորներ, ձեր մեկ ընթրիքի, դուբայական կամ բադեն-բադենյան մեկ երեկոյի, ձեր շքեղ մեքենաների պահեստային մեկ անվադողի գումարն ավելին է, քան կարելի է գջլել անհուսությունից արտագաղթող մեր ժողովրդից»: Դա ամենևին էլ նախընտրական շոու չէ, այլ ցայտնոտի մեջ հայտնված վախեցածի ճիչ:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս