ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի առավել նպատակային և արդյունավետ։
Անդրադառնալով ԵՄ հետ արդեն ունեցած գործակցությանը՝ Վ. Մարտիրոսյանը կարևորեց Եվրոպական զարգացման բանկի (ԵԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ճանապարհաշինության ոլորտում գործունեությունը՝ ընդգծելով, որ նախարարության ոլորտները չեն սահմանափակվում միայն ճանապարհաշինությամբ:
«Դրանք ընդգրկուն են, և ցանկալի է, որպեսզի առաջիկա համագործակցությունն առավել բազմաբնույթ լինի»,-նշեց նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուղևորափոխադրումների ոլորտում տրանսպորտային համակարգերի և կառավարման եվրոպական փորձի ներդրման հնարավորությունների, ճանապարհաշինական ծրագրերում եվրոպական մասնագետների ներգրավվածության, հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն