«Սոս-Սաքո» ՍՊԸ-ն մտադիր է բաց եղանակով շահագործել Սյունիքի մարզի Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրը: Նեֆելինային սիենիտը ալյումինի հումքն է: Այս հումքից կարելի է ստանալ նաեւ բարձրորակ ցեմենտ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Սույն թվականի հունվարի 17-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի են ունեցել Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումները:
Ըստ հայտի՝ նեֆելինային սիենիտների հաշվեկշառային պաշարը՝ 807.4 հազար մ3, արդյունաբերական պաշարների քանակը՝ 650. 0 հազար մ3: Արդյունահանման տարեկան ծավալը 12 հազար մ3: Հանքի ծառայման ժամկետը՝ 55 տարի:
Հանքավայրի տարածքը գտնվում է Մեղրի քաղաքի կազմում ընդգրկված Ալվանք համայնքի վարչական տարածքում: Մոտակա բնակավայրերն են նաեւ Շվանիձորը, Մեղրին եւ Ագարակը:
Հանքավայրը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, որտեղ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 9 բալի՝ ըստ Ռիխտերի 12 բալանոց սանդղակի:
Հայտում նշվում է, որ հանքավայրի տարածքը ջրազուրկ է, միակ ջրային զարկերակը Արաքսի Մալեւ վտակն է, որը հանքավայրից գտնվում է 1 կմ հեռավորության վրա: Հանքավայրի շրջանը զուրկ է բուսականությունից: Նշվում է, որ տեղի կենդանական աշխարհը լայն տարածում ունի Հայաստանի տարածքում: Բնության հատուկ պահպանվող տարածքներ հանքավայրի շրջանում չկան:
Հիշեցնենք, որ 2013թ-ին Մեղրիի բնակիչները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ դեմ արտահայտվելով նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործմանը:
Թե որտեղ է վերամշակվելու Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրի հումքը, հայտում չի նշվում:
Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին իշխանությունները Հայաստանում ցանկացել են շահագործելԿոտայքի մարզի Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը, սակայն հետ են կանգնել իրենց որոշումից, քանի որ մասնագետներն ապացուցել են, որեթե նեֆելինային սիենիտի հումքից ալյումինի ստացման կոմբինատը կառուցվի, ապա ողջ բուսականաությունը մինչեւ 15-20 կմ շառավղով կոչնչանա:
Թեժսարի հանքավայրը ցանկացան շահագործել նաեւ 2012թ-ին: Սակայն բնապահպանները դեմ հանդես եկան այս նախաձեռնությանը հանքավայրի շահագործման բարձր ռիսկերի պատճառով: Բնապահպնության նախարարությունը «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ին լրամշակման համար հետ վերադարձրեց հանքի շահագործման նախագիծը: Այնուհետեւ նոր նախագիծ չշրջանառվեց: