Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
ArmLur.am-ը ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում:
«Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի SUT.am կայքը տարածել էր մի շարք ձայնագրություններ, ըստ որոնց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում: