Առանց հաշվի առնելու քառօրյա պատերազմի զոհերի տարելիցը՝ իշխանական թեկնածուները հրավառություն են կազմակերպել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգեւորությամբ են նշել այդ իրադարձությունը: Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել: Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք եւ Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից: Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները:

Հրավառությունների հնարավորության կանխատեսումը դեռ ամիսներ առաջ էինք արել` գրելով, որ անթույլատրելի է ապրիլյան քառօրյա պատերազմի՝ 100-ից ավելի զոհերի հիշատակի օրը հրավառություն կազմակերպել: Բայց պարզվում է` չօգնեց: Իսկ ՀՀ ոստիկանությունը, որ համացանցի ամեն գրառման օպերատիվ արձագանքում է, փորձում է հրավառության խայտառակ փաստը չտեսնելու տալ: Համենայն դեպս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից ասացին, թե տվյալ իրավախախտման մասին ահազանգեր չեն ստացել: Երեւի ընտրություններով զբաղված խլացել կամ կուրացել էին, եւ նույնիսկ շրջիկները չէին լսել հրավառության համազարկերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս