Ինչպե՞ս ընդունելի դարձնել ընդդիմության առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախորդ գումարման խորհրդարաններում, այնպես էլ հիմա մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը գրեթե միշտ անտեսում է ընդդիմության առաջարկությունները եւ վարվում այնպես, ինչպես հարմար է գտնում:

Ի՞նչ մեխանիզմներ է մշակել ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ընդունի իր առաջարկությունները եւ լուծի բարձրացված հարցերը:

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է:

Պարո՛ն Զեյնալյան, 6-րդ գումարման ԱԺ նիստերը եւս ցույց են տալիս, որ «ավանդույթի» համաձայն՝ իշխող կուսակցությունը օգտվում է առիթից, որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ անտեսում է ընդդիմության առաջարկները:

-Այսօր իշխանությունն ընդունեց «Ելք» դաշինքի առաջարկությունը եւ պետական տուրքի դրույքաչափերը նվազեցրեց իր կողմից բերված առաջարկում: Սա մեր կողմից արված առաջարկության ընդունում էր: Բացի այդ՝ այն բոլոր առաջարկությունները, որոնք մենք արել ենք այս օրինագծի վերաբերյալ, այս նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, դրանց մի մասը գաղափարական առումով հայտարարվել է, որ ընդունելի է:

Այն հիմնահարցերը, որոնք մենք բարձրացրել ենք պետական կառավարման համակարգի դասակարգման՝ նախարարություն, տեսչություն, գործակալություն, մասնավորապես կառավարության կազմի վերաբերյալ եւ դրանցից ածանցվող հարցերի շուրջ, քաղաքական մեծամասնության մի քանի ներկայացուցիչ իրենց ելույթներում հայտարարել են, որ իրենց համար ընդունելի են, եւ հենց այդպիսի կառուցվածք էլ գուցեեւ ունենա 2018 թ. կառավարությունը: Նաեւ հանձնաժողովի այսօրվա (հեղ.-երեկ) նիստում այդպես հայտարարվել է: Այսինքն՝ սկզբունքորեն իրենց համար ընդունելի է այդ գաղափարը: Ուղղակի հանձնաժողովի նախագահը մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց, որ իրավական անվտանգության սկզբունքի պահպանման տեսակետից է, որ այս պահի դրությամբ դա չի ընդունվում:

-Ի՞նչ մեխանիզմներ եք մշակել՝ իշխանությանը ստիպելու համար, որ հաշվի նստի ընդդիմության կարծիքի հետ եւ ընդունի ձեր առաջարկությունները:

-Նախ առաջին գրավականը մեր կողմից խնդիրները գրագետ ներկայացնելն է եւ պատշաճ հիմնավորելը, սա ամենառաջինը: Մյուս մեխանիզմը հանձնաժողովներում նիստերի ժամանակ դրանք պաշտպանելն է, բանակցելը, երկխոսելը, կոմպրոմիսների գնալը, որը տրված է քաղաքական փոքրամասնությանը: Մեխանիզմներ են նաեւ ՍԴ դիմելը, ՄԻԵԴ դիմելը, վեճի վերաբերյալ ստրատեգիական պրոցեսներ իրականացնելը, լոբինգը: Մի խոսքով, բոլոր այդ գործիքները մեր կողմից օգտագործվելու են, օրինակ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելը, հարցապնդումներ անելը, մեր կողմից օրակարգ առաջարկելը:

Կարծում եք՝ այդքանը բավարա՞ր է: Համենայն դեպս, նախորդ գումարման ազգային ժողովներում ընդդիմության առաջարկությունները գրեթե չէին ընդունվում, եւ իշխանությունն անում էր այնպես, ինչպես հարմար էր գտնում:

-Համաձայն եմ Ձեզ հետ: Նախկին գումարման ազգային ժողովում նման կեցվածք եղել է: Սակայն մեր ելույթներում մենք մշտապես մեծամասնությանը ցույց ենք տալիս, որ իրենք հիմա գնում են սխալների ուղղման ճանապարհով: Այն սխալները, որոնք թույլ են տվել նախկին գումարման ազգային ժողովում, հիմա նրանք փորձում են շտկել: Մենք ցույց ենք տալիս, որ կոնկրետ դեպքերում այդ հարցը կարող էր լուծվել այլ կերպ: Եւ այս գումարման ազգային ժողովում բազմաթիվ դեպքեր են եղել, որ մեծամասնության անունից հանդես եկողները ոչ թե զոռբայություն են արել, այլ բացատրել են, թե ինչու դա հնարավոր չէ:

Այս վերջին դեպքում դա պայմանավորված էր իրավական անվտանգության սկզբունքի երաշխավորման եւ ապահովման անհնարժեշտությամբ, ինչը իրավական պետության կարեւորագույն սկզբունքներից է: Գուցե մենք պետք է իրատես լինենք եւ ասենք, որ բացարձակ արդյունքին կամ մեր ակնկալած արդյունքին չենք կարողանա հասնել, բայց տարբերվելու է իրավիճակը:

-«Ծառուկյան» դաշինքին ընդդիմություն համարո՞ւմ եք:

-Ես ասեմ ավելին՝ ընդդիմություն է նաեւ ՀՅԴ-ն: Ընտրական օրենսգրքի իմաստով, կանոնակարգ օրենքի իմաստով, բացի ՀՀԿ-ից մյուս երեք խմբակցությունները ընդդիմադիր են: Մենք, բնականաբար, մեր առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտություն ենք ունենալու լրացուցիչ ստորագրությունների: Այդ ստորագրությունները ձեռք բերելու համար մենք պետք է բանակցենք եւ համագործակցենք այդ ստորագրությունն ունեցողների հետ, բոլոր այն անձանց հետ, ովքեր կարող են ստորագրություններ դնել մեր նախաձեռնությունների տակ, որպեսզի մենք կարողանանք հավաքել բավարար թվով ստորագրություններ մեր լիազորությունները կատարելու համար:

Հետեւաբար մենք արդեն իսկ համագործակցում ենք, դեպքեր եղել են համագործակցության՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Կառավարության կազմի վերաբերյալ նախագծի քվեարկությունը դա ցույց տվեց: Հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը քվեարկեց այնպես, ինչպես մենք էինք ներկայացրել, նաեւ ԱԺ նիստում նրանք քվեարկեցին ձեռնպահ: Նաեւ դեպքեր են եղել, որ մենք ենք քվեարկել այնպես, ինչպես ներկայացրել է «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Սա համագործակցություն է, որն ուղղված է մեր լիզորությունների իրականացմանը:

Վահագն Հակոբյան




Լրահոս