«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը:
Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից: Նա հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ թիմը 3 բրոնզե մեդալով վերադարձավ մայիսին Սերբիայում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից, և դրանից գրեթե անմիջապես հետո Մկրտչյանը հեռացավ:
Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, որը, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: