Հավանաբար հիշում եք` հունիսի 12-ին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը տեղացած հորդառատ անձրեւից հետո մայրաքաղաքի փողոցներում ստեղծված արտակարգ իրավիճակը. ջրահեռացման համակարգը չէր գործել, ու անձրեւի արդյունքում Երեւանը մի քանի ժամով վերածվել էր Վենետիկի:
Դրանից հետո քննադատություններ հնչեցին քաղաքապետի հասցեին, նա էլ խորհրդակցության անվան տակ շոու-ներկայացում կազմակերպեց քաղաքապետարանում: Բայց` ապարդյուն: Երեկ Երեւանում կրկին նույն իրավիճակն էր, պարզապես, մի փոքր ավելի մեղմ դրսեւորումներով. անձրեւի ժամանակ չէր գործել ջրահեռացման համակարգն ու օրինակ` Արշակունյաց պողոտան կրկին ջրի մեջ էր:
Մինչ այդ, Armlur.am-ը պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն այս տարիներին մեծ գումարներ է ծախսել ջրահեռացման նպատակով: 2015թ. Երեւանի քաղաքային բյուջեից ջրահեռացման ծրագրի համար 1.9 մլն դրամ է դրամ է տրամադրվել, 2016թ`3.1 մլն դրամ, իսկ այս տարվա բյուջեով նախատեսված է ծախսել 487.4 հազար դրամ: Ու չնայած ծախսված պատկառելի գումարներին, պետք է արձանագրենք` ոլորտը շարունակում է մնալ անմխիթար վիճակում:
Ասվածի ապացույցը` վերջին հորդառատ անձրեւներից հետո ստեղծված վիճակն էր: Թե ինչու է այդքան գումար ծախսելուց հետո այսպիսի վիճակ ստեղծվել, մնում է միայն ենթադրել. գումարները, հավանաբար, նպատակին չեն ծախսվել, այլ ատկատ են արվել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների գրպան:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ