ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում «Նաիրիտ»-ում. Դավիթ Տոնոյանն այցելեց գործարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Դեպքի վայր է մեկնել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Երևան» կայարանի հրշեջ գնացքը:

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Պարզվել է, որ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող:

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս