ԱՂՈԹՔ՝ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՀԵՌՈՒ ԵՎ ԳԱՂՏՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ: Եկեղեցին ոչինչ չի անում՝ հոգեորսության դեպքերը կանխելու համար. ամեն ինչ թողնված է ինքնահոսի: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը մի «աղոթքի ծառայության» հայտարարության հետքերով գնաց, մասնակցեց խմբակային աղոթքին, եւ հետո պարզվեց, որ թեեւ ողջ ընթացքում աղոթողներն ու քարոզիչը տալիս էին Հիսուս Քրիստոսի անունը, ձեռքերը վեր բարձրացնում, բղավում, այնուամենայնիվ, որեւէ առնչություն չունեին Հայ առաքելական եկեղեցու հետ: Ովքեր են նրանք, պարզել չհաջողվեց: Մեր թղթակիցը եղել է տոտալ վերահսկողության տակ, քանի որ դեմքն անծանոթ է եղել աղոթողների համար, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ: Արգելվել է անգամ միացնել հեռախոսը:
Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է: Ու հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին՝ ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ, քահանան պատասխանեց. «Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության մեր, հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է»: Բայց հանունն էլ կարծես թե օգուտ չի տալիս իրավիճակին:

 

 
Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Տեսակետ կար, որ սա հետեւանք է վենդետայի, եւ սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի: Կատարվածից անցել է 14 օր, սակայն սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ` հետաքրքրվելով, թե սպանված Կարեն Դավթյանը եւ նրա վարորդը` Լեւոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեին մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ, դատավարական ինչ կարգավիճակ ունեին: ԱԱԾ-ից սակայն քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»: Այսինքն՝ նրանք կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ:

 

 

 
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել հարակից համայնքների բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստվում է ավելի քան 70 վարորդի աշխատանքից ազատել: Արդեն 2 ամիս է՝ վարորդներն այս խնդրի շուրջ բողոքում են, սակայն պետական պաշտոնյաները գերշահույթներով աշխատող հանքի սեփականատերերի «բարիքներից են օգտվում» տարբեր ակցիաների շրջանակներում ու թերեւս հենց այդ պատճառով չեն պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները: «Մենք այս հարցը այսպես չենք թողնելու: էս մեր հացի խնդիրն է: Չի կարող ռուսը գալ ու որոշել, որ էսօր իրեն ըսենց է ձեռնտու: Կարող է՝ վաղը գա ու հայտարարի` ոչ մի վարդենիսցի չի աշխատելու, ռուս եմ բերելու: Ուր է նայում մեր կառավարությունը»,- դժգոհեցին վարորդները: Իսկ հանքի մամուլի հարցերով պատասխանատուն փոխանցեց, թե «…մենք գնել ենք մեր տեխնիկան: Այդպես ավելի ձեռնտու է…»: Հավելենք, որ Սոթքի ոսկու հանքից ընկերությունը 78,2 մլն դոլարի շահույթ է ստացել:

 

 

 
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տեւական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը: Եւ ահա 4 ամիս տեւած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն եւ հանցագործները չկան: Իսկ թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել:

 

 
ՎԱՐԿ ՉԵՆ ՏԱԼԻ՞Ս
Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին միշտ է խոսվել: Բայց չնայած մասնագետների ահազանգերին, իշխանություններն ամեն անգամ շտապել են հավաստիացնել` անհանգստանալու կարիք չկա, պարտքը գտնվում է վերահսկելիության սահմաններում, եւ այսպես շարունակ:
Բայց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի երեկվա ասուլիսից պարզվեց հակառակը, թեեւ նա փորձում էր ձեւացնել, որ ամեն ինչ կարգին է: Արամյանը խոստովանել է, որ ՀՀ պետական պարտքը մինչեւ տարեվերջ ավելի կմեծանա, ու եթե 2016-ին այն կազմում էր համախառն ներքին արդյունքի 56,6 տոկոսը, ապա այս տարեվերջին այդ ցուցանիշն արդեն կհասնի 58,8 տոկոսի: Սա նշանակում է, որ հաստատուն քայլերով մոտենում ենք օրենսդրական արգելքին: Հիշեցնենք Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը. «Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Ասել է, թե օրենսդրական կարմիր գծից մեզ բաժանում է ընդամենը 1.2 տոկոս: Ու հենց այս ամենի հետեւանքով էլ Հայաստանին սկսել են նոր վարկեր չտրամադրել: Նախարարը, իհարկե, պնդել է, որ Հայաստանն ինքն է հրաժարվել վարկային ծրագրերից արտաքին պարտքի կայունացման նպատակով: «Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք որ բանակցման գործընթացներում են, եւ մենք այդ գործընթացը փորձելու ենք ավելի պահպանողական դարձնել: Չեմ ուզում օգտագործել կասեցնել բառը: Մենք արդեն իսկ այսօր ունենք ստորագրված համաձայնագրեր, որոնք դեռեւս պետք է վերցնենք, այն 1, 7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով է, առաջիկա 7-8 տարիների ընթացքում պետք է այդ միջոցները ներգրավենք մեր տնտեսությունում եւ ուղղորդենք ենթակառուցվածքների: Ի լրումն դրան, որպեսզի մենք ավելացնենք այդ ընդհանուր պաշարը, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ: Մի կողմից մենք ունենք պարտքի կայունության խնդիր, մյուս կողմից մենք ունենք տնտեսական աճի ուժեղացման, ամրացման խնդիր: Դրա համար, որպեսզի մենք ապագայում խնդիրներ չունենանք, պետք է խիստ պահպանողական վարքագիծ ունենանք: Եվ կանոններով վերցնենք մեր վարկերը»:
Սա այն է, ինչի մասին իշխանություններին զգուշացվել է բազմիցս. վարկային նման մեծ բեռ ունեցող երկրին հրաժարվում են նոր պարտք տալ` համարելով անհուսալի: Սովորաբար նման դեպքերում հաջորդում է դեֆոլտը, երբ երկիրն ի վիճակի չի լինի սպասարկելու արտաքին պարտքը: Ժամանակին զգուշացվել է նաեւ այդ մասին. առավել եւս, երբ առաջիկա տարիներին պարտքի սպասարկման նպատակով ՀՀ պետական բյուջեից ահռելի գումարներ են ծախսվելու:




Լրահոս