«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը դեռ շարունակում է պայքարել «Պանդա» տեսակի կոնֆետ վաճառելու իրավունքի համար: Բանն այն է, որ նշված ընկերությունը, հանդիսանալով ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը, պանդաների պատկերով կոնֆետներ հոկտեմբերին ՀՀ է ներկրել: Բայց «Գրանդ Քենդի» ընկերությունը «Պանդա» ապրանքային նշանը դեռեւս 2016 թվականին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունում է գրանցել:
Եւ սա այն դեպքում, երբ այլ երկրներում տվյալ պատկերով կոնֆետն արտադրվում է 2010 թվականից, այսինքն՝ շատ ավելի վաղ: Հիմա էլ «Գրանդ Քենդին» դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ պահանջում է «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությանը դիտարկել որպես անբարեխիղճ տնտեսվարող ու արգելել այդ կոնֆետների վաճառքը:
Թե ինչ ճակատագիր կունենա ընկերությունը, պարզ կդառնա վաղը` ՏՄՊՊՀ նիստում: Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՏՄՊՊՀ-ն հնարավոր է` որոշում կայացնի հօգուտ «Գրանդ Քենդիի», մանավանդ որ այս ընկերությունն ամեն կերպ փորձում է քաղցրավենիքի շուկայում իր գերիշխող դիրքը հաստատել ՀՀ-ում` դուրս մղելով անգամ ներկրողներին: Պարզվում է` Հայաստանում մտավոր սեփականության գործակալությունում ապրանքային նշան գրանցելուց հետո այլ երկրներից տվյալ տեսքով ներկրված ապրանքների վաճառքը արգելվում է:
Այս դեպքում նկատենք, որ մտավոր սեփականության գործակալությունը անփույթ է աշխատել եւ ապրանքային նշան գրանցելուց առաջ աշխարհի շուկաներում ուսումնասիրություն չի անցկացրել: Ու հիմա այս ամենի արդյունքում տուժում են գործարարները: Հուսանք` այս երեւույթը չի վրիպի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աչքից: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական «Շոկոլենդ»-ը եւս իր հերթին բողոքով դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ ընդդեմ «Գրանդ քենդիի»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում