Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց 2017 թվականի գործունեությունը: Կարևոր ձեռքբերումների մեջ նա առանձնացրեց «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են ավելի քան 426 մշակութային միջոցառում և 40 համերգային ծրագրեր:
«Միայն այս տարվա 6 ամսվա ընթացքում Օպերայի և Բալետի ազգային ակադեմիան ունեցավ 45% հանդիսատեսի աճ: Գյումրու մշակութային սիրտը սկսեց բաբախել Վ. Աճեմյանի անվան թատրոնում, որտեղ այս տարի 6 պրեմիերա ենք ունեցել: Շատ կարևոր ձեռքբերում էր Չինաստանի դեսպանության կողմից ստացած նվերը՝ շարժական կինոթատրոնը»,- նշեց նա:
Արմեն Ամիրյանը նաև անդրադարձավ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին, ըստ որի` Մշակույթի նախարարությանը հասանելիք գումարը 7%-ով նվազել է, և կրճատվում է թատրոններին հասանելիք պետական աջակցությունը. «Լավ աշխատանքի դեպքում կարող ենք լրացնել այդ բացը: Թատրոնները պետք է սկսեն հանդիսատեսին գրավող և հետաքրքրող, ժամանակակից լուծումներով նոր պրեմիերաներ անել: Հանդիսատես ունենալու դեպքում խնդիրներ չենք ունենա», – նկատեց նա:
Ամիրյանը խոսեց նաև կինոյի զարգացման կարևորության մասին՝ շեշտելով, որ այս տարի կինոարտադրության շնորհիվ ունեցել ենք 80 մլն. դոլար շահույթ:
«Ընդհանուր առմամբ տարին արդյունավետ էր»,- հավելեց Արմեն Ամիրյանը: