Լուսանկարը՝ պատգամավորների էջից
ԱԺ երեք կին պատգամավորներն արդեն ավետում են Նոր տարվա գալուստը: Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանն ու օրենսդիր երգչուհի Շուշան Պետրոսյանը Սանտա Կլաուսի գլխարկներ են դրել եւ անմահացել` ամեն դեպքում… փոխանցելով ուրախ տրամադրություն:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցում կատարելու համար ի՞նչ ժամկետ է սահմանված: Քանի՞ օրում է իրականացվում այդ գործընթացը:
Գրիշա Մարգարան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարգարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ պետական գրանցումը իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ, եթե անձը օգտվում է նմուշային ձեւերից, որի դեպքում պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարութուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար անհրաժեշտ են անձը հաստատող եւ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր: Ի դեպ, առեւտրային կազմակերպությունների համար պետական տուրք չի գանձվում, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար սահմանված պետական տուրքը 3000 ՀՀ դրամ է:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդ ի՞նչ տեւողությամբ է տվում։
Լուսինե Մաթեւոսյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մաթեւոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ`
1) 140 oր (70 oր` հղիության, 70 oր` ծննդաբերության).
2) 155 oր (70 oր` հղիության, 85 oր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 oր (70 oր` հղիության, 110 oր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Նշենք, որ արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Ի դեպ, արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի. այն է՝ կազմակերպության լուծարման դեպքում; գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում; արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում; աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում եւ այլն։