Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:

Երևան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 02.04.2017թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Հարուցված քրեական գործով 03.04.2017թ.-ին Հովհաննես Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 05.04.2017թ-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարաք կատարելու համար:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2017 թվականի ապրիլի 07-ին ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մինչև դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը, դատական քննությունն անցկացնելով արագացված կարգով, Հովհաննես Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և պատիժ է նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ զրկելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Հովհաննես Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Վերոնշյալ դատական ակտը Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս քննելով բողոքը՝ բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչ անթույլատրելի:

Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերաջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:




Լրահոս