Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյան կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապ Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012թ. դեկտեմբերի 21-ի հրամանով նշանակվել է փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Պապ Եփրեմյանը խնդրելու, համոզելու միջոցով պաշտոնատար անձ հանդիսացող «Զարիշատ Մարտին Մկրտչյանի» անվան «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանին դրդել է կազմել եւ իրեն հանձնել կեղծ փաստաթուղթ, որն էլ հետագայում օգտագործել է` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր աշխատակցից համապատասխան բժշկական փաստաթուղթ է պահանջել, որն էլ հետագայում ճակատագրական է դարձել վերջինիս համար: Հիմա Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` փաստաթղթեր, դրոշմներ կեղծելը, եւ 314 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնեական կեղծիք: Պապ Եփրեմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: