Հայաստանի ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կիզակետում: Դեռեւս 2013-ին ոստիկանությունը հաստատեց թանգարանում ծեծի մասին լուրերը: Չնայած թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հերքումներին` պաշտոնական հաղորդագրության համաձայն` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ թանգարանի տնօրենը ծեծել էր կին աշխատակցուհուն: 2016 թվականին էլ թանգարանի աշխատակիցները ժամանակին գեղեցկության մրցույթներ կազմակերպած նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանին մեղադրում էին կադրային ջարդ իրականացնելու, փոխարենը յուրայիններին ընդունելու, աշխատակիցներին արհամարհելու, թանգարանի բյուջեն վատնելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է թանգարանի ներկայիս վիճակին, այնտեղ առկա խնդիրներին, զրուցել է 2011-2017թթ. թանգարանի «Նյութական մշակույթ» բաժնի գիտաշխատող Խորեն Գրիգորյանի եւ հենց իր՝ Կարեն Արիստակեսյանի հետ:
Խորեն Գրիգորյանի խոսքով՝ մշակութային այս հզոր կենտրոնն այսօր ճիշտ չի կառավարվում: Թանգարանի թիվ մեկ խնդիրներից մեկն այն է, որ այնտեղի հիմնական ցուցադրությունը խորհրդային տարիներից ի վեր չի թարմացվել: Տնօրենը պատճառաբանեց, որ թանգարանի ցուցադրական տարածքը 6500 քմ է, եւ հիմնական ցուցադրությունը փոխելու համար անհրաժեշտ է նոր հայեցակարգ. «Մեծ փոփոխության համար անհրաժեշտ է մեծ գումար՝ մոտավորապես 1 միլիոն դոլար: Այդ գումարը չկա»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Կարեն Արիստակեսյանը:
Այնինչ նախկին գիտաշխատողը հակադարձեց՝ թանգարանն ունի արտաբյուջե, բացի այդ` թանգարանը հայեցակարգ չի գրել, չի ձեւավորել աշխատանքային խումբ, չի կազմել նախահաշիվ. «Այդ 1 միլիոն դոլարը օդում կախված թիվ է: Դեռ պետք է նախահաշիվ կազմել, գուցե 100 հազար դոլարով եզրափակվեին: Բացի այդ՝ թանգարանային գույքն էլ հո կարող էր փոխվել: Պարտադի՞ր է նմուշը ցուցադրել 1970-ին Մոսկվայից բերված սեղանիկի վրա: Ինչու՞ կահույքը չի փոխվել, ինչի՞ վրա է ծախսվել արտաբյուջեն»,-ասաց նա:
Ազգագրագետի խոսքով՝ ամենամեծ սխալը թանգարանը ՀՀ պաշտպանության նախարարության կազմի մեջ պահելն է: Հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի այդ գերատեսչությունը մշակույթի կառավարման հետ: Պարոն Արիստակեսյանի համոզմամբ, սակայն, կապ չունի՝ թանգարանն ում ենթակայության տակ է. «Սխալ է այդ պատկերացումը, քանի որ անկախ գերատեսչական ենթակայությունից՝ թանագարանների կառավարման լիազոր մարմինը մշակույթի նախարարությունն է»,-պնդեց նա:
Խորեն Գրիգորյանը, սակայն, հարցրեց՝ թանգարանն ունի՞ արդյոք մշակութային քաղաքականություն, որտե՞ղ է այն փակցված. «այնպիսի «տիեզերական» մտքի տեր մարդը, ինչպիսին Արիստակեսյանն է, ինչպե՞ս չի պատկերացնում, որ ՊՆ-ն չի կարող իրականացնել անհրաժեշտ ֆունկցիաները: Ո՞վ է պարոն Արիստակեսյանի վերադասը ՊՆ-ից, մշակութային կառավարման ինչպիսի՞ անցյալ ունի նա, քանի՞ թանգարան է նա վերահսկել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հաջորդ խնդիրը, որը ոչ պակաս կարեւոր է, հետեւյալն է՝ թանգարանում ներկայացված Առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ ցուցադրությունը «Ազգ-բանակ» հայեցակարգի ֆոնին ստվերել էր ազգագրությանը վերաբերող ցուցադրությունը: Կարեն Արիստակեսյանը, սակայն, համոզված է՝ ստվերում չկա, մեկը լրացնում է մյուսին. «Դրա ապացույցը մեր այցելուների քանակն է: Եվ հետո, ամեն մեկը չէ, որ ուզում է ազգագրությանը վերաբերող հատվածը նայել»,-մեկնաբանեց նա:
Նախկին աշխատակիցը շեշտեց՝ թանգարանի այցելուների քանակն աճում է միայն մայիսին. «Թանգարանի վարած քաղաքականության շնորհիվ չէ, որ ապահովվում է այդ թիվը: Իսկ քանի՞ հոգի կա, որ մի անգամ եղել է թանգարանում եւ երկրորդ անգամ էլ կուզի այցելել, կամ արդյոք այցելուները թողնում են իրենց կարծիքները, հնարավորություն կա՞ դրանց հետ ծանոթանալու: Կամ ո՞վ ասաց, որ այցելուները ազգագարությամբ հետաքրքրված չեն. ճիշտ մատուցում է հարկավոր: Պարոն Արիստակեսյանը դոշ է ծեծում, որ Առաջին հանրապետության հարյուրամյակի միջոցառումներին թանգարանին աջակցություն չի տրվել: Բայց ինչո՞ւ պետք է տան, եթե թանգարանը վերջին տասը տարում լուրջ փոփոխություններ չի կրել: Արիստակեսյանը Սերժ Սարգսյանի նկարը վերջերս է իր կաբինետից հանել, բայց իր պաշտելի նախկին իշխանություններն էլ իրեն չէին վստահում»,-նշեց նա:
Թանգարանի մտահոգիչ խնդիրներից է գիտական անձնակազմի փոքր կազմը: Ընդ որում` ֆոնդային լուրջ բազայով կառույցը ժամանակին ունեցել է 30 աշխատակից: Տնօրենի պատճառաբանմամբ՝ խորհրդային տարիներին թանգարանը նման հսկայական տարածքներ չուներ եւ, օրինակ, դրանք ոռոգելու, պահպանելու խնդիր չկար, կարող էր իրեն թույլ տալ մեծ թվով գիտաշխատողներ պահել. «Բայց անկախ Հայաստանում միջոցները չպետք է վատնել, կարելի է 1 հոգու, 5 հոգու աշխատեցնել, բայց լավ, արդյունավետ»,-բացատրեց նա:
Ազգագրագետն այդ կարծիքին չէ: Ըստ նրա՝ ցուցադրական նման հսկա տարածք ունեցող գիտահետազոտական կենտրոնում ողբերգական աստիճանի տխուր է այդքան քիչ թվով գիտաշխատող ունենալը. «Թանգարանի ստեղծողները նախատեսել են ունենալ 19-20 գիտաշխատող եւ ժամանակին ունեցել են: Հենց նրանց շնորհիվ է ցուցադրությունն այսքան տարի պահպանվել»,-նկատեց Խորեն Գրիգորյանը:
«Ժողովուրդ»-ը պարոն Արիստակեսյանից հետաքրքրվեց՝ իր պաշտոնավարումից ի վեր ի՞նչ նշանակալի փոփոխություններ է կատարել թանգարանում:
«Թանգարանն ապահովել եմ նախ ավտոբուսով, հետո գազելով, որպեսզի աշխատակիցները կարողանան հասնել աշխատանքի: Բացի այդ՝ աշխատանքային կանոնավոր ժամեր են սահմանվել թանգարանում: Պետք է տառապել հավկուրությամբ այդ ամենը չտեսնելու համար»,-ասաց տնօրենը:
Ազգագրագետի խոսքով, սակայն, մեկ տարի էլ չկա, ինչ ձեռք է բերվել տրանսպորտային միջոցը. «Մինչ այդ պաշտպանության նախարարության «թերմացքներով» էինք յոլա գնում: Եթե պարոն Արիստակեսյանը այս տարիների ընթացքում միայն դա է ձեռք բերել, ես կլռեմ: Ինչ վերաբերում է աշխատաժամերին, ապա դրանք չեն կարող այդ աստիճան ստույգ լինել, քանի որ գիտաշխատողն, օրինակ, կատարում է հավաքչական աշխատանք, այցելում է գրադարան. նա չի կարող ամեն օր նույն ժամին նույն տեղում լինել»,-բացատրեց մեր զրուցակիցը:
Մենք պարոն Արիստակեսյանին նաեւ հարցրինք՝ թանգարանը վերջին անգամ երբ է համագործակցել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ: Չէ՞ որ նախկինում այն տարիներ շարունակ սնվել է հենց այդ ինստիտուտից: Նա տեղեկացրեց, որ ինստիտուտի հետ թանգարանը կնքել է հուշագիր. «Ցանկացած հարց, խնդիր քննարկում ենք»-ասաց տնօրենը:
Խորեն Գրիգորյանի համար պարզ չէ՝ որն է այդ հուշագրի իմաստը. «Վերջին անգամ գիտամեթոդական խորհուրդ ե՞րբ է հրավիրվել, ե՞րբ է պարոն Արիստակեսյանը վերջին անգամ մասնագիտական խորհրդի կարիք զգացել»,-հարցրեց նա:
Նշենք, որ թանգարանի որոշ ներկա եւ նախկին աշխատակիցներ, որոնք չցանկացան ներկայանալ, եւս հայտնեցին իրենց դժգոհությունը կառույցի կառավարման առնչությամբ՝ շեշտելով, որ թանգարանը ռեստարտի կարիք ունի, եւ հույս հայտնելով, որ առաջիկայում հեղափոխություն կլինի նաեւ այստեղ:
Աննա Բաբաջանյան