ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ՝ ՕՐԵՆՍԴԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաեւ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկա օրերին մի քանիսը եւս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված է 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքը նաեւ սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում եւ ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե` իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար. համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի: Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միեւնույն է, հնարավոր է ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ` ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումներին:

 

 

Մարտի 1-ի գործի նախաքննությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր փորձաքննություններ են նշանակվել, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտերկրում: «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքնությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտություների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրել են ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ մինչեւ թավշյա հեղափոխության հաղթանակն էլ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով ՀՔԾ-ն սկսել էր ուսումնասիրել նախկին Փաստահավաք խմբի զեկույցը մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավման մասին:

 

 

 

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ստանձնելով պաշտոնը, հայտարարեց կրթական համակարգն ապակուսակցականացնելու եւ այնտեղ կոռուպցիան վերացնելու մասին: Արդեն նա հասցրել է մեկ դեպքով դիմել ԱԱԾ: Բայց կարծիք կա, որ եթե շարունակի իրավապահներին դիմելու պրակտիկան, ապա ինքնըստինքյան խնդիր կդառնա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նախարարը երեկ մեկնաբանել է. «Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է»։ Միաժամանակ նա ասել է, թե կոռուպցիայի դեմ պետք է պայքարել` կրթական համակարգում աշխատավարձերը բարձրացնելով: «Բայց դա արդեն կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ»,- ասել է նա։

 

 

 

Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նկատենք, սակայն, որ այս հրաժարականը սպասված էր. տեւական ժամանակ է՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկում են, թե ով է դառնալու Վճռաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ դատարանի նախագահի աթոռի համար պայքարում է 17 դատավոր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնական պայքարը գնում է 4 դատավորների մեջ , որոնք են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խորնդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյան , ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը, եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը: Իսկ թե նրանցից ով կարժանանա ԲԴԽ անդամների առավելագույն ձայնին, առայժմ պարզ չէ:

 

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ
Դատական համակարգը գործադիր իշխանության նկատմամբ սաբոտաժ է սկսել: Այլ կերպ դժվար է որակել այս օրերին տեղի ունեցողը, երբ դատարանները մերժում են թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները:
Ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ ե՛ւ Էրեբունիում, ե՛ւ Ավանում տեղի ունեցած միջադեպերի ձերբակալված մասնակիցներն ազատ են արձակվել: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, մեղադրյալները ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող անձինք են: Ասել է, թե գործել են այն ժամանակվա իշխանության հրահանգով կամ առնվազն թողտվությամբ, համաձայնությամբ: Ու նման իրավիճակում մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու եւ նրանց ազատ արձակելու դատարանի որոշումն անհասկանալի է, մեղմ ասած: Եւ այս ամենը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ դատարանները շարունակում են մնալ նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ի ազդեցության տակ: Ու արդեն մտավախություն կա, որ նույնկերպ կվարվեն նաեւ դատավճիռ կայացնելիս, երբ անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունն ապացուցված է, թե ոչ (իսկ այդ անձանց մեղքն ապացուցող տասնյակ տեսանյութեր կան), հրոսակախմբի անդամներն անպատիժ մնան: Սա անգամ այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է այս գործերով անցնող մեղադրյալների կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանի որոշումը:
Մյուս կողմից ընտրողական վերաբերմունք է դեռ նախորդ իշխանությունների օրոք քաղաքական ենթատեքստով հարուցված քրեական գործերի դեպքում: Ամենավառ ապացույցը Վահան Շիրխանյանի գործն է, երբ չնայած նրա առողջական վիճակին, չնայած ՄԻԵԴ-ի որոշմանը, որ պետք է ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով Շիրխանյանին ազատ արձակել, միեւնույն է՝ կալանքի տակ են պահում: Ավելին, այս օրերին նրա դատավարությունները շարունակվում են հետաձգվել, եւ արդյունքում՝ ոչ միայն Շիրխանյանը, այլեւ այդ գործով անցնող շատերը ստիպված են լինում ոմանց պատճառով մնալ կալանքի տակ:
Միայն այս գործերն ամենավառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանում դատարանն ընտրողական «արդարադատություն» է իրականացնում, երկակի ստանդարտներ են կիրառվում:
Ու չնայած նոր իշխանությունները հայտարարել են, թե չեն միջամտելու դատական համակարգի գործունեությանը, հիմա դատավորների վրա ազդում են նախկին կապերը:




Լրահոս