Ազգային փոքրամասնությունների հետ կապված ընտրական օրենսգրքի կարգավորումները պետք է արվեն համամասնական ընտրակարգի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար երկու ընդունելի տարբերակ կա, որոնք բավարարում են Սահմանադրության պահանջները: «Դրանցից մեկը , որը նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկն է, ենթադրում է, որ ազգային փոքրամասնությունների համար քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների համամասնական ցուցակներում: Մյուս տարբերակը, որի դեպքում քննարկվել է նաև տեխնիկական իրագործելիությունը այն է, որ կուսակցությունները ունենան ազգային փոքրամասնությունների ցուցակ, որում ևս լինի չորս բաժին ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար»,-ասաց Իոաննիսյանը:
Նա հույս հայտնեց, որ համամասնական ընտրակարգի անցումը կլուծի լեզվի հարցը: «Ազագային փոքրամասնությունների շատ ներկայաուցիչներ չէին կարողանում ինքնուրույն քվեարկել, որովհետև հայերենին լավ չէին տիրապետում: Այս դեպքում ընտրողը կարող է հիշել միայն իր գերադասած կուսակցության համարը: Ազգային փոքրամասնություններով առավելապես բնակեցված տարածքներում կարելի է քննարկել, որ ինֆորմացիոն պաստառները լինեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով»,-նշեց նա:
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն առաջարկեց, որ ազգային փոքրամասնությունները ավելի շատ ընդգրկված լինեն իշխանական կուակցություններում: «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ընդդիմադիր կուսակցության անդամ»,-ընդգծեց Հասանովը, ինչին ի պատասխան Իոննիսյանը հույս հայտնեց, որ կձևավորվի այնպիսի խորհրդարան, որի համար տարբերություն չի լինի հարց բարձրացնողը ըննդդիմադիր է, թե իշխանամետ:
Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանն էլ հավելեց, որ պետք է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնություններին կամ ստեղծել առընթեր հանձնաժողով, որը կազմված կլինի շահագրգիռ կողմերից: