Դատական համակարգը սպասում է նախադեպի. դատավորները կհամարձակվեն դուրս գալ ԲԴԽ-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր սնանկության գործերով դատարանի շուրջ աղմուկի մասին: Ինչպես հայտնի է` նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մրցույթից «դուրս մնացած» դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին վերացնել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումը:

Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:

Ասել է, թե դատավորներն արդեն դիմել են դատարան` իրենց իրավունքները պաշտպանելու համար, մնում է ՀՀ վարչական դատարանը որոշում կայացնի` բավարարի՞ դատավորների հայցը, թե՞ ոչ :

Սակայն նկատենք` չնայած արդեն հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել այս գործը, բայց հիմնական հարցը մնացել է օդից կախված: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն` ըստ դատական համակարգում տարածված խոսակցությունների` ՀՀ վարչական դատարանը դեռեւս դատավորների դիմումը վարույթ չի ընդունել, եւ դեռ հարց է` արդյո՞ք կհամարձակվի դուրս գալ ԲԴԽ-ի դեմ եւ ընդունել վարույթ դատավորների հայցը:

Ավելին` ըստ դատական համարգում տարածված խոսակցությունների` դատավորները մինչ այս ԲԴԽ-ի որոշումները չեն բողոքարկել դատարանում, քանի որ ներքին վախ են ունեցել: Մինչդեռ հիմա գտնվել է երկու դատավոր, որ համարձակություն են ունեցել դիմել դատարան եւ անվավեր ճանաչել տալ ԲԴԽ-ի որոշումը: Մնում է սպասել, թե ՀՀ վարաչական դատարանի դատավորը կունենա՞ համարձակությունը վարույթ ընդունելու հայցը: Ու մինչ ՀՀ վարչական դատարանը լռում է, դատավորները շունչները պահած` սպասում են, թե արդյո՞ք նախադեպ կստեղծվի, եւ դատավորներն առանց վախի կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

Քնար Մանուկյան




Լրահոս