«ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՇԱՏ ԱՆՀԱՄԲԵՐ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ առանձնահատուկ գծերը: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչ է հարկավոր կնոջը գոհացնելու համար, ինչ հատկությամբ պետք է օժտված լինի տղամարդը, որն է սիրել բառի հոմանիշը: Հասմիկը խոսել է նաեւ իր կարիերայի որոշիչ շրջանի, հանդիսատեսի հետ անկեղծ լինելու, բոլոր ժամանակների իր հերոսի եւ այլ թեմաների շուրջ: Երգչուհին խոստովանել է, որ նախընտրում է խորհուրդ տալ, քան լսել, քանի որ ավելի շատ սիրում է խոսել, քան լսել: Նա ասել է, թե որոնք են իր ոգեշնչման աղբյուրները եւ որն է իր լսած կարծրատիպը բեմի մարդկանց մասին:

-Հասմի՛կ, Ձեր կարիերայի բեկումնային պահը:
-«Ես գնում եմ, սիրելիս» երգի հիման վրա տեսահոլովակի ներկայացումը: Դրանից հետո իսկապես շրջադարձային փուլ սկսվեց:
-Ձեր աստեղային ժամը:
-Այդ երգի թողարկումից սկսած արդեն մեկնարկեց այդ ժամը:
-Ձեզ կարող է ուրախացնել անգամ…
-Անձրեւը` շոգ եղանակին: Այս պահին մտքովս դա անցավ (ծիծաղում է): Ամեն մանրուքից էլ կարող է տրամադրությունս բարձրանալ:
-Բեմ դուրս գալիս ամենակարեւորը…
-Հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է: Այլապես մարդիկ զգում են ֆալշը:
-Այս փուլը Հայաստանի համար…
-Մաքրման եւ արդարության հաստատման փուլ է:
-Սիրելի հուշարձանը:
-Ալեքսանդր Թամանյանի արձանը Երեւանում: Շատ երեւանյան է:
-Շարունակեք միտքը. «Նույնիսկ եթե բոլորը դադարեն հավատալ ինձ…»
-Ես չեմ դադարի ստեղծագործել եւ ինքս ինձ կարեւորել:
-Տղամարդու գլխավոր հատկությունը:
-Շատ են, բայց երեւի կառանձնացնեմ այն, որ կինը նրա կողքին պետք է իրեն ապահով զգա:
-Կարծրատիպ բեմի մարդկանց մասին:
-Շատ եմ լսել բեմի եւ արվեստի մարդկանց մասին կարծրատիպեր, բայց համաձայն եմ դրանցից մեկին` բեմի մարդիկ խենթ են, ես կասեի` ոչ միայն բեմի մարդիկ, այլեւ, առհասարակ, տաղանդավորները: Հաճախ դրա համար նրանց շատ բաներ ներվում են: Բայց խոսքն իսկապես տաղանդավորների մասին է, ոչ թե ամեն տեղից վեր կացողի:
-Նախընտրում եք խորհուրդ տա՞լ, թե՞ լսել:
-Ավելի շատ` տալ, քանի որ խոսել եմ շատ սիրում, ցավոք սրտի (ծիծաղում է), բայց, կարծում եմ, լսելը մարդուն ավելի է պետք գալիս:
-«Սիրել» բառի հոմանիշը` ըստ Ձեզ:
-Լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ: Դա է խթանում ապրելուն:
-Բոլոր ժամանակների Ձեր հերոսը:
-Չէի ասի հերոսը, բայց ազդեցիկ կերպարը Հիսուս Քրիստոսն է:
-Կնոջը գոհացնելու համար հարկավոր է…
-Ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա` իր առավելություններով եւ թերություններով հանդերձ: Հատկապես, որ այդ թերությունները հաճախ, ըստ իս, առավելություններ են (ծիծաղում է):
-Երեք աղբյուր Ձեր ոգեշնչման համար:
-Դուստրս` Տաթեւը, սիրելը, սիրահարված լինելը եւ կյանքում հանդիպող հուզիչ դրվագները:
-Ձեր բնավորության մի գիծ, որից սովորաբար դժգոհում են մտերիմները:
-Ասում են, որ ես շատ անհամբեր եմ: Երեւի այդպիսին եմ ծնվել (ծիծաղում է):
-Եթե փախուստ, ապա…
-Դատարկությունից եւ միապաղաղ կյանքից, անտարբերությունից:
-Ձեր ամենահայտնի մականունը:
-Չեմ ունեցել, բայց շատերը մինչեւ օրս էլ ինձ ասում են Հասիկո: Ինձ թվում է` եթե նույնիսկ հարյուր տարեկան դառնամ, կշարունակեն ինձ այդպես անվանել (ծիծաղում է):
-Քաղաքականությամբ հետաքրքրվում եք, որովհետեւ…
-Ժողովրդիս մի մասնիկն եմ, եւ սիրտս ցավում է նրա համար: Անտարբեր մնալ չեմ կարող, բայց շատ խորանալ էլ չեմ ուզում:
-Շարունակեք միտքը. «Կյանքը պայքար է, բայց պետք չէ մոռանալ…»
-Մարդ մնալու մասին, որովհետեւ այդ պայքարի ընթացքում դու կարող ես բոլորի վրայով քայլել ու անցնել: Չպետք է դա թույլ տալ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՏԻՐՈՒՄ ԷՐ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԿՈՌՈՒՊՑԻԱ»

«Նկարահանվել եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: Այն կատակերգություն է, սակայն, ըստ իս, ֆիլմում միախառնված են մի քանի ժանրեր: Նկարահանումները տեղի են ունեցել մեկ ամսվա ընթացքում, ես մարմնավորել եմ գլխավոր դերերից մեկը: Աշնանը կլինի պրեմիերան»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց դերասան Արծրուն Չոբանյանը:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանը նշեց, որ սեպտեմբերին թատրոնում եւս սպասվում են պրեմիերաներ՝ թե՛ մանկական, թե՛ մեծերի համար նախատեսված ներկայացումներ: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Արծրունն ամառային հանգստի չի մեկնի, քանի որ, ինչպես ինքն է ասում, լիքը գործ ունի անելու, իսկ հանգստանալ կարելի է միայն մահից հետո:
Մենք հարցրինք՝ ինչպիսին է դերասանի տրամադրությունը թավշյա հեղափոխությունից հետո. «Ես միշտ լավատես եմ եղել՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: Իմ կյանքում առանձնապես բան չի փոխվել, երեւի աշխատավարձս է 5000 դրամով ավելացել ու վերջ: Այնպես չէ, որ նախորդ իշխանության օրոք վատատես էի, կամ մուննաթը թափվում էր դեմքիցս, ես իրենց հանդեպ էլ եմ լավ տրամադրված եղել, բայց մի քիչ մարազմատիկ դրսեւորումներով: Ամեն դեպքում, չկա մեկը, որի վրա հեղափոխությունը վատ անդրադարձած լինի: Անգամ նախկին իշխանության վրա է լավ անդրադարձել, գուցե նոր ազդակ է հանդիսացել չբթանալու համար»,-պատասխանեց դերասանը:
Նա շեշտեց, որ այն, ինչ կատարվում էր մեր երկրում մինչեւ հեղափոխությունը, իրեն դուր չէր գալիս. «Իսկ թե ինչ էր կատարվում մեր երկրում, բոլորը լավ գիտեն. բոլոր ոլորտներում տիրում էր «ներդաշնակ» եւ «հաճելի» կոռուպցիա: Հիմա պետք է որ դա վերանա, ուրիշ ճար չկա»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց Արծրունը: Նրա համոզմամբ՝ երկիրը, պետությունը գոյատեւում է մշակույթի հաշվին, ուստի անհրաժեշտություն կա, որ հեղափոխությունը այստեղ եւս հասնի. «Մշակույթը միայն կինոն, թատրոնն ու երգարվեստը չէ, այլեւ մարդու ապրելակերպն ու սովորությունները: Իսկ դրանք մեծապես կապված են սոցիալական վիճակի հետ: Հիմա եթե մարդիկ սոցիալապես ապահով լինեն, մշակույթում էլ դրական տեղաշարժեր կլինեն»,-եզրափակեց Արծրունը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՀԱՂԹԵԼ Է
«Աթլետիկո»-ն հաղթել է «Ռեալ»-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում: Հանդիպումը կայացել է Տալլինում: Լավագույն խաղացող է ճանաչվել «Աթլետիկո»-ի հարձակվող Դիեգո Սիմեոնեն: Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել, ինչն «Աթլետիկո»-ին թույլ է տվել խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: «Աթլետիկո»-ն իր պատմության մեջ երրորդ անգամ է դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: «Ես մնացի թիմում, քանի որ մեր նախագիծն ամբիզիոզ նպատակներ է հետապնդում: Մենք շատ տանջվեցինք, մեծ ուժեր գործադրեցինք, եւ նրանք, ովքեր դուրս եկան փոխարինման, կարեւոր դեր խաղացին»,- ասել է Գրիզմանը: Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի վերջում «Բարսելոնա»-ն պատրաստ էր վճարել Գրիզմանի համար սահմանված 100 մլն եվրո հրաժարագինը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժել է առաջարկն ու երկարաձգել պայմանագիրն «Աթլետիկո»-ի հետ:

 

 

ՎԱՃԱՌԵԼ Է
Թուրքական «Գուլսփոր» ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել, հայտնում է Tribune Dergi-ն: Թիմի ղեկավարությունը հույս ունի մոտ 5.000 թուրքական լիրա ստանալ այծի կաթի վաճառքից: Նշվում է, որ ամբողջ հասույթը կուղղվի ակումբի առաջնահերթ կարիքների համար: Թուրքական «Գուլսփոր»-ի նախագահ Քենան Բյուքլեբեբը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ գործել է թիմի շահերից ելնելով: «Մենք կունենանք ավելի շատ եկամուտ: Մենք գործել ենք թիմի շահերից ելնելով, ինչպես նաեւ մեր ներդրումն ենք ունեցել երկրի արտադրության մեջ»,-ասել է նա: Թիմի 18 ֆուտբոլիստները բյուջե են բերել 15.000 լիրա:

 

 

ԱՐԳԵԼՔ
Մյունխենի «Բավարիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը թիմի ֆուտբոլիստներին արգելել է բջջային հեռախոսներից օգտվել ակումբի մարզաբազայում: Սահմանափակումն ազդում է ամբողջ մարզաբազայի վրա` բացառությամբ հանդերձարանի: Ֆուտոլիստները չեն կարող սմարթֆոններից օգվել նաեւ ճաշարանում ու մերսման սենյակում: «Հանդերձարանում բջջային հեռախոսից օգտվելը նորմալ է, սակայն, երբ մենք ճաշում ենք միասին, ապա պետք է զրուցենք իրար հետ, այլ ոչ թե խորանանք հեռախոսի մեջ: Ցանկանում եմ, որ խաղացողները հաղորդակցվեն իրար հետ»,- նշել է Նիկո Կովաչը: Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից է տեղափոխվել «Բավարիա»:




Լրահոս