ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, բայց նվազագույն արդյունքներով. ՔՊ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ թավշյա հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու անհրաժեշտության մասին եւ դա համարել հեղափոխությունը ամբողջական դարձնելու կարեւորագույն քայլերից մեկը: Խորհրդարանական այն ուժերը, որոնք քվեարկեցին Փաշինյանի վարչապետության օգտին, այն ժամանակ, ըստ երեւույթին, դեմ չէին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանը հայտարարել էր Հայաստան վերադառնալուն պես խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական խորհրդակցություներ սկսելու մասին: Այս գաղափարը պաշտպանեցին Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետւթյուն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Ընդ որում, ԲՀԿ-ից արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաճյանը: Այնինչ օրեր առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտատարեց. «Ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ի՞նչ է անում գործող կառավարությունը Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպետք է այս տարի լինեն, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել, լինեն հավասար պայմաններ եւ ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի:

«Ժողովուրդ» օրաթերթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման եւ օրերս կատարած հայտարարությունների մասին զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, ըստ Ձեզ` ինչի՞ հետ է կապված ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը` ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու հետ կապված:

-Նախ ուզում եմ ասել, որ սա իմ անձնական կարծիքն է, այլ ոչ մեր խմբակցության: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չեմ տարանջատել Ռոբերտ Քոչարյանից: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ըստ էության, պարզ դարձավ, որ առավելապես արդար, մաքուր, թափանցիկ ընտրություններում որ կուսակցությունը ինչ կշիռ ունի ժողովրդի մոտ: Դրանից հետո «ԲՀԿ»-ի մոտ անհանգստություն առաջացավ եւ, հետեւաբար, հիմա այսպես կոչված սեւ ուժերը պետք է փորձեն կոնսոլիդացնել իրենց ռեսուրսները, հնարավորությունները եւ փորձեն վերադարձնել հին ժամանակները: Իսկ դա հնարավոր է անել երկու ճանապարով: Ճանապարհներից մեկը ամեն գնով ԱԺ ընտրությունները ձգձգելն է եւ հնարավորինս անվստահություն ներշնչելը ժողովրդին նոր իշխանությունների նկատմամբ, հասցնել մինչեւ մայիս, մինչեւ կլարանա Փաշինյանի վարչապետության մեկ տարին: Այն ժամանակ նրանք հնարավորություն կունենան անվստահություն հայտնել վարչապետին եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ: Մյուս տարբերակը այն է, որ անկախ ամեն ինչից` հեղափոխության ալիքը հետընթաց կապրի, եւ դրա շնորհիվ նրանք կարող են վերականգնել իրենց ռեյտինգը եւ պատրաստ լինել ԱԺ նոր ընտրություններին:

-Եթե արտահերթ ընտրությունները անցկացվեն այս տարի, ի՞նչ եք կարծում` «ԲՀԿ»-ի կողմից կա՞ մտավախություն, որ իրենք չեն հայտնվի խորհրդարանում:

-Չէ: Կարծում եմ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, բայց կանցնի նվազագույն արդյունքներով, որովհետեւ անկախ ամեն ինչից` որոշակի ռեսուրսներ ունի դրա համար: Բնական է` նրանք չեն ուզի, որ այդպիսի բան տեղի ունենա:

– Կա՞ մտավախություն, որ «ԲՀԿ»-ն կարող է հասնել նրան, ինչի մասին դուք հենց նոր նշեցիք:

-Իրենք հաշվի չեն առել, որ կա հանրաքվեների միջոցով այդ ճանապարհը անցնելու գործընթաց:

-Կարծում եք այդ տարբերա՞կը կընտրի ներկայիս կառավարությունը:

-Եթե քաղաքական ուժերի հետ բանակցությունները արդյունք չունենան, գուցե հենց այդպես էլ կլինի:

-Տեսակետ կա այն մասին, որ եթե բանակցությունները չհաջողվեն, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Հնարավո՞ր է նման բան:

-Դա չբացառվող տարբերակ է, բայց կոնկրետ ինձ համար այնքան էլ ցանկալի գործընթաց չէ: Ինձ համար ավելի նախընտրելի է, որ դա տեղի ունենա հանրաքվեի տարբերակով:

Լուսինե Մինասյան




Լրահոս