Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 10-ին կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Նորընտիր անդամներն արդեն ստանձնեցին իրենց պարտավորությունները: Հիմք ընդունելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին` Հայկ Մարությանը օրենքի ուժով դարձավ քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր ավագանու մասին կարծիքներ հարցրեց նախկին ավագանու անդամներից:
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյան
Նոր ավագանու մասին զրուցեցինք «Ժուռնալիստների միության» նախկին նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ: Ըստ նրա` նորընտիր ավագանու անդամները կարող են լավ բաներ անել: Սակայն տիկին Գեւորգյանին մտահոգում է ավագանու շատ անդամների մայրենի լեզվի իմացության մակարդակը:
-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք ներկայիս ավագանուց:
-Ոչ մեկին չեմ ճանաչում: Կարծում եմ` իմ կողմից սխալ կլինի ինչ-որ գնահատականներ տալը: Միայն հեռուստատեսությամբ տեսնելով` չեմ կարող բան ասել: Երիտասարդ են, հուսով եմ` լավ բաներ կանեն: Ես ամեն մեկի մասին իր գործով եմ դատում: Պետք է սպասել մի քիչ: Նրանք դեռ ընթացքի մեջ են: Դեռ քայլում են, սպասենք,տեսնենք ինչ կանեն, ինչ հանգրվանի կհասնեն:
-Կա՞ մի բան, որը եղել է նախկին ավագանիում եւ կուզեիք, որ շարունակական լինի:
– Մեր ավագանիում ամենաառաջինը եղել են մարդկային ջերմ հարաբերություններ, մեկը մյուսի նկատմամբ հարգանքով լցված վերաբերմունք, անսահման բարություն, լսելու կարողություն: Հանձնաժողովի նիստերում մենք շատ բարդ հարցեր էինք բարձրացնում, եւ որեւէ խնդիր չէր լինում: Լավ կլինի, որ ներկայիս ավագանին էլ ադպես աշխատի: Եղել են նաեւ շատ սխալներ: Խնդիրներ են եղել, որոնք չենք կարողացել լուծել: Մաղթում եմ, որ այս ավագանին լինի շատ համախմբված, շատ գրագետ: Ես արդեն տեսնում եմ, որ մայրենի լեզուն խորթ է իրենց համար: Լավ կլինի` ուսուցիչ վարձեն եւ գնան, մեր մայրենի լեզուն սովորեն: Ինձ համար` որպես բանասերի եւ լրագրողի, շատ կարեւոր է դա: Սիրտս ծակում է, երբ լսում եմ, թե մեր ոսկեղենիկ հայերենը ինչպես են աղավաղում:
– Ո՞ւմ մասին է խոսքը:
-Հիմա ոչ մեկի անունը չեմ տա, բայց նորից եմ կրկնում` Երեւանի ավագնու յուրաքանչյուր անդամ պարտավոր է փայլուն իմանալ հայոց լեզուն:
զրուցեց Լուսինե Մինասյանը