ԵՄ-ն թաշվյա հեղափոխությունից մոտ կես տարի անց նոր հայտարարում է, որ բավարարված է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադարձել է կառավարության հետ համագործակցության հեռանկարներին` հայտարարելով, որ իրենք փորձելու են այն ավելի արդյունավետ դարձնել: «Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն եւ պրագմատիզմ»,- ասել է Սվիտալսկին` հավելելով, որ իրենք առաջարկել են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը:

«Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետեւ մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, եւ իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարեւոր է: Այս լավ տեմպը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»:

Փաստորեն, ԵՄ-ն թաշվյա հեղափոխությունից մոտ կես տարի անց նոր հայտարարում է կառավարության հետ արդյունավետ համագործակցության, մասնավորապես` ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին: Ընդ որում` ըստ Սվիտալսկու` իրենք դիմում են աննախադեպ քայլի, երբ առաջարկում են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո մեկնել էր Բրյուսել եւ վերադառնալիս դժգոհել էր, որ ԵՄ-ն թավշյա հեղափոխությունից հետո չի ավելացրել ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակության ծավալները, եւ որ ժողովրդավարական Հայաստանը լուրջ վերաբերմունք է ակնկալում:

Տեւական ժամանակ ԵՄ-ից չկար առարկայական արձագանք Փաշինյանի այս հայտարարություններին: Սվիտալսկու երեկվա խոսքերն, ըստ էության, ապացույցն են, որ նրանք վերջապես որոշել են գործել: Մինչ այդ մեկ հիշեցում էլ. Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համագործակցության առումով քայլեր էր անում, եվրոպացի պաշտոնյաները խոսում էին «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի մասին` պատրաստակամություն հայտնելով ամեն քայլափոխի աջակցելու (ֆինանսապես, իհարկե):




Լրահոս