Քարոզարշավի 7-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել էր Լոռու մարզ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՕԵԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Այցը նշանավորվեց Սպիտակ քաղաքի սուրբ Հարություն եկեղեցում կատարված մոմավառությամբ: Սպիտակի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ, որոնք եկել էին աջակցելու ՕԵԿ-ին՝ տեղի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանի ղեկավարությամբ, պատրաստակամություն հայտնեցին ներդնել ողջ ջանքերը հանուն ՕԵԿ ծրագրային դրույթների իրականացման: Արթուր Բաղդասարյանը հավաքված մարդկանց ներկայացրեց կուսակցության նպատակները, առկա խնդիրները և դրանց լուծման իր մոտեցումները:
Սպիտակից հետո մյուս կանգառը Ստեփանավանն էր, որտեղ Արթուր Բաղդասարյանը քաղաքի վարկանիշային թեկնածու Աշոտ Հայրապետյանի և հավաքված ՕԵԿ անդամների և համակիրների հետ շրջեց քաղաքի փողոցներով: Ստեփանավանի հրապարակում Արթուր Բաղդասարյանը իր հնչեցրած ելույթում շեշտադրեց նոր աշխատատեղերի ստեղծման, պրոֆեսիոնալ բանակին անցնելու անհրաժեշտությունը. «Հայաստանում մարդիկ աշխատանք չունենալու պատճառով իրենց ճակատագիրն են փնտրում օտար ափերում: Մենք առաջարկում ենք մարզաբնակ տարածքներում, գյուղերում, մարդկանց աշխատանքը համարել որպես աշխատանքային ստաժ: Այդ սկզբունքը առկա է Ֆրանսիայում, Գերմաիայում և մի շարք այլ երկրներում: Մեր առանցքային նպատակներից է նաև աստիճանական անցումը վարձատրվող պրոֆեսիոնալ բանակին, որի մասին մենք բազմիցս նշել ենք մեր ելույթներում»:
Շարունակելով քարոզարշավը ՕԵԿ նախագահը այցելեց նաև Վանաձոր: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց սթափ գիտակցությամբ կատարել ընտրություն հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի շենացման. «Մենք պարտքի և պատասխանատվության զգացում ենք կրում՝ շարունակելու մեր կիսատ թողած գաղափարները: Մեզ տրված վստահության քվեն նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ, անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ողջ պետության տարածքում, առողջապահության և կրթության հասանելիություն, զինված ուժերի արդիականացում և այլն: Գաղափարական ընտրապայքարում դուք որոշեք, թե ում եք վստահում պետության ղեկը»: