Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ Արա Մուրադյանի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել զբոսաշրջիկներին կողոպտելու համար: Ըստ մեղադրանքի` նա 2018թ հուլիսի 21-ին` ժամը 15:00-ից մինչեւ 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան-Սեւան-Իջեւան մայրուղուց Սեւանի թերակղզի տանող խաչմերուկից Դիլիջան քաղաք տեղափոխելու նպատակով իր վարած ավտոմեքենան է նստեցրել Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ Ղազախստանի քաղաքացի Արսենիյ Սեմենովին եւ Ֆրանսիայի քաղաքացի Ժոակիմ Աղնուին, իսկ նրանց երկու ուսապարկերը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
Արդեն Դիլիջան քաղաքում նրանց ավտոմեքենայից իջեցնելուց հետո, զբոսաշրջիկների հորդորներին ի հակառակ, չի բացել ավտոմեքենայի բեռնախցիկն ու նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի: Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ա. Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: