Արդեն մի քանի օր է` Հայաստանի մամուլն ու սոցիալական ցանցերը չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգեւատրումների հարցը: Ու նրանք որպես պարգեւավճար ահռելի գումարներ են ստացել այն դեպքում, երբ ՊԵԿ ցածր օղակներում աշխատողներ կան, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում եւ հասցրել են միլիոններ կուտակել:
Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը գիտեն, թե ով ինչ ճանապարհով է հարստություն կուտակել: Մարդիկ այլեւս չեն կարողանում հանդուրժել պաշտոնի շնորհիվ հարստացածներին: Մեծահարուստ պաշտոնյաների պատճառով հանրության շրջանում սկսել է ընդհանրապես հարուստ հասկացությունը բացասական ընկալվել: Մյուս կողմից էլ` պետական պաշտոնի հաշվին հարստացածները եւ հարստացողները չարիք են ցանկացած երկրի համար:
Եւ որքան էլ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ամեն պատեհ առիթով հայտարարի, որ ՊԵԿ աշխատողներին պետք է բարձր աշխատավարձ վճարել, որպեսզի կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն, միեւնույն է, համակարգում կան աշխատողներ, որոնք դժվար թե այլ ճանապարհով հարստանան:
Խոսքը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրա պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Այսպես, Սահակյանն ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, բայց սա դեռ ամենը չէ: Նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ ունի 30 հազար դոլարի չափով պարտատոմսեր: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ փոխառությունները կազմել են 25 մլն դրամ` 50 հազար դոլար:
Պարզվում է` Սահակյանն արվեստի սիրահար է. պաշտոնական հայտարարագրում նշված է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաեւ 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր եւ ժամացույց:
Դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Ի դեպ, նշենք, որ 2017 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ, 60 հազար դոլար (ի դեպ, այս 60 հազար դոլարի 30 հազար դոլարը Սահակյանի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում նշված է, որ գոյացել է «այլ եկամուտներ»-ից) եւ 20 հազար եվրո: Տարեկան հայտարարագրում որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Եւ պարզ չէ, թե նա ինչ է անում, արդյոք պատշաճ վերահսկում կամ կազմակերպո՞ւմ է համակարգը:
Բայց պատկերացրեք, որ նրա եկամուտը չի գոյանում միայն աշխատավարձից. Սահակյանը տրված փոխառությունների դիմաց ստանում է նաեւ որոշակի տոկոսներ: Օրինակ` 2017 թվականին նա ստացել է 2658 դոլար եւ ավելի քան 3 մլն դրամի չափով տոկոս: Ավելին` 15 հազար դոլարի չափով ժառանգություն է ստացել: Ումի՞ց, ի՞նչ տեսքով, դարձյալ հայտարարագրում նշված ոչինչ չկա. ոչինչ չկա նաեւ 30 հազար դոլարի չափով «այլ եկամուտի» մասին: Կարճ ասած` նրա 2017 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 932 հազար 564 դրամ:
Սահակյանի կինը` Արփինե Մանուկյանը, եւս ապահովված է: Նրա միայն դրամական միջոցներըը 2017 թվականին կազմել են 100 հազար դոլար: Բացի այս, հայտարարագրել է, որ ունի 10 հազար դոլարի չափով պարտատոմսեր: Ի տարբերություն ամուսնու` Արփինե Մանուկյանը թանկարժեք կտավներ չունի: Փոխարենն ունի 8 մլն դրամը գերազանցող զարդեղեն եւ ոսկու ձուլակտոր: Այս ընտանիքը, կարծես թե, ոսկու ձուլակտորների սիրահար է:
Հարկային աշխատողի կնոջ եկամուտը կազմել է 1665 դոլար, որը ստացվել է տրված փոխառությունների դիմաց: Սա դեռ ամենը չէ. պարզվում է` 2017 թվականին Սահակյանի կնոջը «նվիրատվություն» են արել 9 մլն 950 հազար 600 դրամի չափով: Պաշտոնական փաստաթղթում ոչինչ չկա նշված, թե այդ «նվերն» ինչ տեսք է ունեցել` գո՞ւյք է, թե՞ գումարի տեսքով է, կամ ո՞ւմ կողմից է նվիրվել: Բայց տպավորություն է, որ հարկային աշխատողին եւ նրա կնոջը «սիրում են նվերներ անել»: Հուսանք`նրանք մեզ հետ կկիսվեն նմանատիպ «նվերներ» ստանալու գաղտնիքներով:
Թե ինչպես է Սահակյանին եւ իր կնոջը հաջողվել այսքան ունեցվածք կուտակել, հայտնի չէ: Ի վերջո, Սահակյանը վերջին տարիներին հարկային համակարգում պաշտոններ է զբաղեցրել ու հազիվ թե պետական աշխատավարձով այդքան ունեցվածք վաստակեր: Մնում է ենթադրել, թե որտեղից նրան այդ հարստությունը: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, «Բեռլագայի, Սկումբրիեւիչի եւ Պոլիխայեւի հետ խոսակցություններից հետո ես կորցրեցի հավատս մարդկության նկատմամբ»:
Ըստ որոշ տեղեկությունների` Վահագն Սահակյանի «տանիքը» համարվում է զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը: Ըստ լուրերի` իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն` Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում:
Մի կողմ թողնենք Գուրողլյանին, որը նույնպես խորը պատմություն ունի ՊԵԿ համակարգում, եւ անցնենք Սահակյանին: Պարզվում է` ունեցած գումարներով, ոսկե ձուլակտորներով չբավարարված Սահակյանը, ուշադրություն, որպես պետական ծառայող դիմել է մատչելի բնակարաններով ապահովման ծրագրին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով` նախորդ տարվա ընթացքում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի 4 եւ 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը, որում, ի դեպ, հարմար տեղ է գտել նաեւ Վահագն Սահակյանը:
Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչու երկիրը չի զարգանում, հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է բնակչության պաշտոնապես մոտ 30 տոկոսը համարվում աղքատ, կամ թոշակառուների թոշակն ինչու է այդքան ցածր, եւ, ի վերջո, ինչու հասարակությունը չի հավատում կառավարությանը:
Հ.Գ. Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթը Վահագն Սահակյանի հետ փորձեց կապ հաստատել, բայց այդ փորձերն անհաջող անցան: Նրա գործընկերները խոստացան փոխանցել նրան մեր հեռախոսահամարները, որպեսզի հետ զանգահարի, սակայն ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ Սահակյանից զանգ չստացանք:
Սյունէ Համբարձումյան