Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:
ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումները հաջողելու համար:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ խոսելով տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների խթանման, Հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման և կրթության համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և տարբեր ճյուղերում բարձր տեխնոլոգիաների կիրառման խթանմամբ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր և, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժը, արտահանմանը միտված տնտեսություն ձևավորել: Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրը Հայաստանում հնարավորությունների ստեղծումն է և նախաձեռնողականության խթանումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր ներուժը և նպաստել երկրի զարգացմանը:
Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարևորել է այդ համատեքստում միջազգային գործըկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:
Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի նշած ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները:
Վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը՝ վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները: