Հեղափոխությունից հետո ոչ մի բան էլ չի փոխվել, բայց հավատում եմ, որ մեր թոռները կարգին երկրում են ապրելու. Արմեն Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության` քչերին հայտնի գծերը, խոսել ենք այն խոչընդոտների մասին, որոնք հաղթահարել է դերասանը, անդրադարձել ենք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքին:

Պարոն Մարությանի համոզմամբ` մեր երկրի ներկայիս վիճակը տխուր է, հեղափոխությունից հետո մենք մի քանի տարով հետ ենք ընկել, բայց նա հավատում է երկրի ղեկավարին եւ այն բանին, որ իր թոռներն ապրելու են կարգին երկրում: Նա նաեւ նշել է, որ չի հասկանում մարդկանց, որոնք լքում են հայրենիքը. ամեն դեպքում, դրա համար արդարացում չկա…

-Պարո՛ն Մարության, սովորաբար արթնանում եք…

-Երբ արեգակը ծագում է: Ես այն տարիքում չեմ, որ շատ քնեմ. ուշ քնում եմ, շուտ արթնանում:

-Տասը տարի առաջ երբեք չէիք պատկերացնի, որ…

-Այսքան շուտ կարթնանամ (ծիծաղում է):

-Կյանքը սովորեցրել է Ձեզ…

-Միշտ համեստ լինել:

-Նշեք արտիստի անուն, որը Ձեզ համար անփոխարինելի է:

-Այդպիսի արտիստ չկա, բոլորն էլ փոխարինելի են: Չկա նաեւ այդպիսի նախագահ, այդպիսի գրող, այդպիսի մարդ… Դա իմ կարծիքն է:

-Երբեք չեք հասկանա այն մարդկանց, որոնք…

-Լքում են իրենց հայրենիքը: Դրա համար արդարացում չկա, թեպետ միշտ էլ ինչ-որ բացատրություններ գտնում են…

-Ըստ Ձեզ` ո՞րն է գիտության ամենամեծ նվաճումը:

-Այն, որ մարդը ոտք է դրել, օրինակ, լուսնի վրա…

-Շարունակե՛ք միտքը. «Եղել են մարդիկ, որոնք չեն հավատացել, որ ես…»

-Կարգին դերասան կդառնամ: Հիմա նրանք չկան. մեռել-գնացել են…

-Ձեր ո՞ր հատկանիշն է հիմնականում գրավում հակառակ սեռին:

-Աղեղնավորին բնորոշ բոլոր հատկանիշները: Չգիտեմ ինչու, կանայք աղեղնավորներին սիրում են:

-Ինչպե՞ս եք տարբերակում ազնիվ մարդկանց կեղծավորներից:

-Մարդու արտաքինից երեւում է: Տարիների ընթացքում մենք` դերասաններս, հոգեբան ենք դառնում, ֆալշը միանգամից ենք զգում:

-Ձեզ չեք ների, եթե…

-Կորցնենք մեր պետականությունը…

-Դժվարությամբ եք հարմարվում…

-Կեղծիքին:

-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին` սնահավա՞տ, թերահավա՞տ, թե՞ դյուրահավատ:

-Ոչ մեկն էլ իմ մասին չէ:

-Մուսաները գալիս են այն ժամանակ, երբ…

-Թարսի պես այն ժամանակ, երբ քնած ես լինում (ծիծաղում է):

-Ամենաանսպասելի բանը, որ երբեւէ Ձեզ հետ պատահել է:

-Գնացի բժշկի, ինձ ասացին, որ սրտիս գլխավոր երակը բարակել է, կարող է ամեն պահի կտրվել… Բժշկական միջամտություն կատարեցին:

-Ամենաշատը ալարում եք…

-Ես ոչ մի բանի համար չեմ ալարում. շատ աշխույժ մարդ եմ:

-Երկիր, որտեղ եղել եք ու էլի կցանկանաք լինել:

-Միակ երկիրը, որտեղ Հայաստանից հետո կցանկանայի լինել, Նորվեգիան է, մասնավորապես` Օսլո քաղաքը:

-Ձեզ շա՞տ են թիկունքից հարվածել:

-Առավոտից իրիկուն: Շնորհքով մարդկանց չեն սիրում, չգիտեի՞ք: Ամբողջ կյանքում ամեն ինչի հասել եմ դժվարությամբ, տառապանքով եւ չարչարանքով:

-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս հայաստանյան քաղաքական կյանքը:

-Մեր երկրի ներկան շատ տխուր եմ տեսնում, լավ չէ իրավիճակը. ես այդպես եմ զգում: Հեղափոխությունից հետո ոչ մի բան էլ չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է, վիճակը դժավարացել է: Ընդհանրապես, հեղափոխություններից հետո երկրների վիճակը միանգամից չի լավանում, ժամանակ է պետք 10, 20, 30 տարի… Բայց ես հավատում եմ մեր երկրի ղեկավարին, հավատում եմ, որ մեր թոռները կարգին երկրում են ապրելու:

-Երջանիկ լինելու համար ուղղակի պետք է…

-Ապրել բարեկեցիկ երկրում, ունենալ լավ ընտանիք, երեխաներ, սիրած աշխատանք եւ աշխատավարձ, որը կբավարարի քեզ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս