Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է , որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հաստատապես իմանալով, որ իր փեսան աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի տարածքային տեղամասում, 2011թ սեպտեմբերի մեկից 2018թ սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում նրան հրամանագրել է որպես դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն, իսկ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ հնոցապանների կարգադրիչ։
Բացի այդ, 2014թ հունվարի 1-ից 2018թ սեպտեմբերի 1-ը որպես տեխնոլոգիայի ուսուցիչ, իսկ 2016թ մայիսի 11-ից 2017թ փետրվարի 28-ը որպես դաստիարակ է հրամանագրել երկու այլ քաղաքացիների։
Այս ընթացքում դպրոցի տնօրենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման։ Արդյունքում՝ դպրոցի բյուջեից, փաստացի չաշխատած օրերի համար, որպես աշխատավարձ է դուրս գրվել և վատնման եղանակով հափշտակվել ընդհանուր 20,129,632 դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։