Դիլիջանի բնակիչները մտահոգված են Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի վատ վիճակով եւ այդ կապակցությամբ Հայաստանի պետական մարմինների անտարբերությամբ։ Ճարտարապետական գեղեցիկ այդ կառույցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը այդ տունը նվիրել է քաղաքին, 1979թ. այն դարձրել թանգարան: Հունիսի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոն՝ շենքի վթարայնության վիճակին ծանոթանալու, վերանորոգման եւ ամրակայման հեռանկարները քննարկելու նպատակով։
Շենքը վթարային վիճակում է։ Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սեփականությունն է, եւ վերանորոգման հարցը վերաբերում է նախարարությանը։ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Դիլիջան համայնքի ղեկավարը նշեց, որ օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի թանգարանը համայնքային սեփականություն դառնա։ Մարզպետը խոստացավ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի առաջիկա նիստին բարձրացնել այդ հարցը, որպեսզի եթե համայնքն ունի բավարար միջոցներ, վերանորոգի թանգարանը»։
«Անկախ իրավապատկանելությունից՝ թանգարանը համայնքի հարստությունն է»,- նշեց Հայկ Չոբանյանը։ Կողմերը պայմանավորվեցին համատեղ ջանքեր ներդնել՝ թանգարանի վերանորոգման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ, քննարկեցին նաեւ, թե վերանորոգումից հետո ինչպես կարելի է ավելացնել այցելուների թիվը։
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը հանդես չի եկել թանգարանը համայնքի սեփականություն դարձնելու առաջարկով, քանի որ Դիլիջան համայնքը այժմ ֆինանսական միջոցներ չունի շենքը վերանորոգելու համար։ Նա ասաց, որ 2007-2008թթ. Դիլիջան համայնքը բավարար ֆինանսներ ուներ այդ շենքը նորոգելու համար, այդ ժամանակ ինքը դիմել է, որպեսզի թանգարանը դառնա Դիլիջան համայնքի սեփականությունը, սակայն հաջողության չի հասել։
Ոսկան Սարգսյան
Տավուշ