«Փաստ» թերթը գրում է. ««Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը: Այնինչ ստորագրահավաքից շաբաթներ առաջ Սամվել Բաբայանի կողմնակիցները պնդում էին, որ առկա է մոտ 25 հազար ստորագրություն: Փաստացի պարզվել է, որ իրականում ներկայացվել է 21 հազար, իսկ վերջնական թիվը 20 հազար էլ չի կազմում:
Ի դեպ, Արցախում ընտրության իրավունք ունեցողների թիվը մոտ 100 հազար է: Հավելենք, որ մինչ այս գործընթացի ավարտը Հայաստանից և Արցախից մեծ թվով իրավաբաններ հասցրել են հայտարարել, որ նախաձեռնությունը, ըստ էության, հակասահմանադրական կճանաչվի, բացի նրանից, որ արտաքին քաղաքականության առումով այն մեծ թվով խնդիրներ է առաջացնում, հատկապես բանակցային գործընթացի առումով, իրավական առումով ևս բավականին խոցելի է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում