ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:
Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`
· դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը
· բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
· ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
· թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները
փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»: