ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը:
Խորհրդարանի դեկտեմբերի 5-ի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը չընդունվեց 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս որոշմանը:
«Մենք ողջունում ենք հարցապնդումների ինստիտուտը կիրառելու նախաձեռնությունը, «Իմ քայլը» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է, և եկել է այն եզրակացության, որ պարոն Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա, ուստի մենք քվեարկելու ենք դեմ»,- ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Դեկտեմբերի 4-ի նիստում Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց դժգոհությունը շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված:
«Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր: Կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլև կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը: Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները, և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- ասաց Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց չի բավարարել հարցապնդմանը կառավարության ներկայացրած պատասխանը: